Երեւանի ավագանու այսօրվա նիստին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ, հաշվիչ հանձնաժողովի անդամ Մարինա Խաչատրյանը մի քանի անգամ պահանջեց նորից քվեարկել՝ պատճառաբանելով, որ ինքը բարձրացված ձեռքերը չի տեսնում: Մարինա Խաչատրյանի պահանջին, սակայն, ՀՀԿ-ականները ծիծաղով եւ ծաղրով էին արձագանքում:

Իրավիճակը սրվեց հատկապես հողամասի փոխանակությանը համաձայնություն տալու մասին հարցի քվեարկության ժամանակ: Ի սկզբանե, այս հարցի քննարկումը սկսվեց «Ելք» խմբակցության անդամների եւ ՀՀԿ-ական Հովհաննես Թոքմաջյանի միջեւ լեզվակռվով: «Ելք»-ի անդամները հիշեցրին Թոքմաջյանի սեպտեմբերին արված այն հորդորը, թե նախագծերի վերաբերյալ դիրքորոշումներ հայտնեք հանձնաժողովներում եւ դրանք կքննարկվեն, մինչդեռ նույնիսկ ինքն այդ կոչը չի կատարում: Հովհաննես Թոքմաջյանն արձագանքեց. «Դուք հանձնաժողովում ոչ մի առաջարկություն չեք ներկայացրել, միակ բանն որ այս ընթացքում արել եք, եղել է փողոցների անվանակոչության հարցը»:

«Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն արձագանքեց. «Մենք ընդդիմադիր ենք, մեր առաջարկները դուք չեք ընդունում»: Ալեն Սիմոնյանն էլ հեգնեց. «Oпять двойка, իրավական ոչ մի հիմնավորում, պարոն Թոքմաջյան, չներկայացրիք, ձեր ճաշակը ներկայացրիք»:

Նախագիծը դրվեց քվեարկության, որի ժամանակ էլ Մարինա Խաչատրյանը պահանջեց կրկին քվեարկել:

«47 կո՞ղմ, չկա այդքան կողմ, նորից քվեարկեք, իմ մոտից ձեր ձեռքերը չեն երեւում»,- հայտարարեց Մարինա Խաչատրյանը, ինչին ի պատասխան ավագանու Հանրապետական խմբակցության անդամները սկսեցին ծիծաղել եւ ծաղրական հայտարարություններ անել նրա հասցեին:

«Դու ձեր տանը չես, հրաշքս»,- հեգնանքով նրան դիմեց ՀՀԿ-ական Հովհաննես Ավանեսյանը:

Հարցն ընդունվեց 47 կողմ, 15 դեմ ձայներով: