Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչանքների վրա պարբերաբար կրկնվող վթարների մասով Լոռու դատախազությունում ուսումնասիրություններ են արվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Լոռու դատախազ Արսեն Մարտիրոսյանը:

«Ես անձամբ տեղյակ եմ այդ հրապարակումներին, դրանց հիման վրա այս պահին պետական շահերի պաշտպանության շրջանակներում կատարում ենք ուսումնասիրություններ՝ համապատասխան իրավասու մարմիններին հասցեագրվել են հարցումներ, եւ ադ հարցումների ամփոփման հիման վրա, բնական է, եթե կհայտնաբերվի, որ որոշակի անձանց գործողություններում կան առեւերույթ ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, բնական է, դատախազությունը հետեւողական է լինելու եւ այդ փաստերի կապակցությամբ կհարուցվեն քրեական գործեր, կիրականացվի նախաքննություն»,-ասաց դատախազը, նշելով, որ հարցումների պատասխանները դեռեւս չեն ստացվել:

Հիշեցնենք, որ Ախթալայի թիվ 2 դպրոցի տարածքում տեղի ունեցած պոչատարի վթարի հետեւանքով դպրոցի տարածքը ամբողջությամբ պատվել էր մոխրագույն փոշով, իսկ դրանից օրեր անց էլ ահազանգ ստացվեց, որ մեկ այլ պոչատարի վթարի հետեւանքով խողովակներով ու Ախթալա քաղաքի հեղեղատարով կոմբինատի պոչանքները լցվում են Դեբեդ գետը:

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի բնապահպանական բաժնի պետը դեպքի վայրոմ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե իրենք համապատասխան կարգով տեղյակ են պահել պատկան մարմիններին, մինչդեռ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի ավագ տեսուչ Արմեն Ղարագյոզյանը հերքել էր, թե իրենց կատարվածի մասին տեղեկացրել են գործարանից. «Վթարի մասին ուշ ենք իմացել, իմանալուն պես անմիջապես արձագանքել ենք»,-ասել էր նա, նշելով, որ ԼՀԿ-ն պետք է պաշտոնապես տեղեկացներ իրենց:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ նշել էր, որ տեսչությունը վարույթ է հարուցել. «Հարուցված վարույթի ուսումնասիրությամբ պարզ կդառնա՝ պատասխանատվությունը կլինի քրեական, թե վարչական»: