Սրտի բնածին արատ ունեցող 37-ամյա Նինա Աբրահամյանին բժիշկները ապրելու հույս չէին տալիս, բայց Նինան ամուսնացավ, տղա երեխա ունեցավ: Սակայն տարիների հետ հիվանդությունն էլ ավելի խորացավ: Այժմ Նինայի միակ երազանքն առողջանալն է:

«Դեռ մանկուց իմացել եմ, որ սրտի բնածին արատ ունեմ: Միշտ ծնողներս ասել են, որ վիրահատեն, սակայն բժիշկներն ասել են, որ անցողիկ է, կանցնի: Տարիներն անցնում էին, սակայն հիվանդությունը ոչ թե նահանջեց, այլ ավելի բարդացավ: Միշտ բժիշկներն ասում էին, որ մի ամսից, կամ 2 տարուց կմահանամ, կյանք չունեմ, բայց ոնց հասկանում եմ` իմ կյանքը Աստծո ձեռքերում է: Արդեն 37 տարեկան եմ, ունեմ բալիկ, որը խնդրում է, որ մամային օգնեք, որ ապրի»,- NEWS.am-ին պատմեց Նինան:

3 օր առաջ հիվանդանոցից դուրս գրված Նինային ասել են, որ նրան անհրաժեշտ է սրտի եւ թոքի փոխպատվաստում, ինչը Հայաստանում չի արվում: Նինային խորհուրդ են տվել մեկնել Գերմանիա եւ այնտեղ բուժվել:

«Միայն սրտի եւ թոքի փոխպատվաստումը 300 հազար դոլար արժի, չհաշված այնտեղ հասնելու ծախսերը մոտ 3500 դոլար: Շատ շնորհակալ եմ բոլոր ինձ օգնողներին, բայց հիմա շատ քիչ է գումար հավաքվել, չգիտեմ` ինչ է լինելու: Ինձ ոչինչ պետք չէ, միայն ինձ օգնեք, որ իմ բալիկը մամա ունենա»,-ասում է Նինան:

37-ամյա կինը 10 րոպե խոսելուց նույնիսկ խեղդվում է, թթվածնի բալոնը միշտ կողքին է, դրանով վերականգնում է շնչառությունը:

Նինա Աբրահամյանը բազմաթիվ անգամ դիմել է պատկան մարմիններին, սակայն, ապարդյուն:

«Դիմել եմ պարոն Արա Բաբլոյանին, որը լինելով բժիշկ եւ պաշտոնյա անձ, ինձ մերժել է` ասելով, որ ոչնչով չի կարող օգնել, միայն երեխային կարող է օգնել, որը նույնպես հիվանդ է»,-պատմեց Նինան` հավելելով, որ երեխայի հիվանդության հարցերը ինքը լուծում է, առանց որեւէ մեկին դիմելու:

Նինան պատմեց, որ արդեն 10 տարի բնակվում է Երեւանի ծայրամասերից մեկում գտնվող վագոն տնակում, սոցիալապես անապահով պայմաններում: Ամուսինն էլ արտագնա աշխատանքից նոր է վերադարձել եւ ավտոլվացման կետում է աշխատում, որպեսզի ապահովի ընտանիքի գոյությունը: Ընտանիքը Ամանորին չի պատրաստվում, քանի որ գումարը միայն դեղերին է բավականացնում:

Նինային օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով` 0494996394:

VTB բանկում Նինա Աբրահամյանի հաշվեհամարն է` 16079001690300: