Ձրի ոչ մեկ մյուսին բան չի տալիս։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 31-ին լրագրողների հետ զրույցում «Եռաբլուրում» ասել է ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ մեկնաբանելով Հովհաննես Չեքիջյանին ազգային հերոսի կոչում տալու փաստը։
«Հերոս են տվել մեր մաեստրոյին, շատ լավ են արել։ Սովետմիության ժամանակ կթվորուհուն էին տալիս։ Մեր ազգի մեջ ամեն տեսակի մարդ էլ պիտի հերոս ստանա, հո չպիտի մենակ կրակի, սպանի, որ տան»,- ասել է Մանվել Գրիգորյանն ու հավելել. «Ում էլ ինչ տալիս են, ուրեմն մի բան արել ա։ Ձրի ոչ մեկ մյուսին բան չի տալիս»։
Խոսելով գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին գեներալ-գնդապետի կոչում շնորհելու մասին՝ նա նշել է. «Գեներալ-գնդապետի կոչումը հայոց բանակի կոչումն ա։ Սա տալիս են բանակին։ Տալիս են էն մարդին, որը զբաղեցնում է, օրինակ դուք պտի հպարտանաք, որ մեր գլխավոր շտաբի պետը գեներալ գնդապետ ա»։
Մանվել Գրիգորյանի խոսքով, մեր բանակը ի զորու է կատարել բոլոր խնդիրները։ «Մեր հնարավորությունները հերիքում են, որ բոլոր ոտնձգությունների պատասխանը տանք»,- նշել է նա։
Խոսելով զենքով իշխանափոխություն անելու կոչերի մասին՝ գեներալ Գրիգորյանն ասել է. -«Քանի որ 95 տոկոսանոց հայ բնակչություն ա, ուրիշ ազգերի մեջ ուրիշներն են վատ բաներ անում, մեր ազգի մեջ էլ մեկ-մեկ լինում են տենց սատանի կերպարանքով մարդիկ, որոնք գիտակցաբար, թե անգիտակցաբար...Ոչ մեկը ոչ բարոյական իրավունք ունի, ոչ էլ տրված է տենց իրավունք, որ զենքով երկրում հարցեր լուծի։ Ով հայ ժողովրդի դեմ ոտնձգություն անի, նա լավ մարդ չի»։











