Նյու Յորքում շատ ձմեռային ավանդույթներ կան, որոնցից մի քանիսը կապված են մետրոպոլիտենի հետ։ Իսկ եթե հաշվի առնենք, որ «Մեծ խնձորի» (Նյու Յորք) մետրոյում կարելի է տեսնել ինչ ասես, մի զարմացեք, եթե կայարանում ձեր կողքով քայլեն ներքնազգեստով մարդիկ, հաղորդում է USA.one-ը։

Խոսքը «Մետրոյում առանց տաբատի» ֆլեշմոբի մասին է (No Pants Subway Ride), որը մի քանի տարի է անցկացվում է հունվարին։ Այս տարօրինակ միջոցառման օրը մշտապես փոփոխվում է, իսկ դրա անցկացման օրվա մոտենալու մասին տեղեկությունը տարածվում  է սոցիալական ցանցերի միջոցով։ Այս տարի ֆլեշմոբը  տեղի կունենա կիրակի՝ հունվարի 7-ին, ժամը 15։00-ին։ 

Ֆլեշմեբի մասնակիցները մետրո կմտնեն առանց տաբատների, կիսաշրջազգեստների, կիսատաբատների եւ առանց մարմնի ներքեւի հատվածի համար նախատեսված այլ հագուստի, բայց դրա հետ մեկտեղ նրանք փորձում են առավելագույնս բնական պահվածք դրսեւորել։