Հնդկաստանում տղամարդուն առեւանգել են եւ ատրճանակի փողի ներքո ստիպել ամուսնանալ: 29-ամյա Վինոդա Կումարին առեւանգել են ըներոջ հարսանիքի ժամանակ: Նրան հարսանեկան հանդերձանք են հագցրել եւ ստիպել ամուսնանալ աղջկա հետ, ում նախկինում ոչ մի անգամ չի տեսել: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել փեսացուի հեծկլտոցի ներքո, որի գլխին էին ուղղել ատրճանակը:
Հարսանեկան արարողության հոլովակը համացանցում է հայտնվել: Հոլովակում երեւում է, որ փեսացուն արտասվում է՝ ասելով, որ այս ամուսնության համար ծնողների համաձայնությունը չի ստացել: «Մենք հարսանիք ենք կատարում, այլ ոչ թե քեզ կախում: Ինչո՞ւ ես այդպես բարձրաձայն լալիս»,- հարցնում են հարսնացուի ազգականները:
Կումարը հավաստիացնում է, որ ոչ մի անգամ չի տեսել եւ չի ճանաչում աղջկան, ում հետ ստիպել են ամուսնանալ: Նրա խոսքով՝ աղջկա ազգականներն իրեն խաբեությամբ դուրս են բերել ընկերոջ հարսանիքից, առեւանգել ու ստիպել ամուսնանալ:
Ինչպես հայտնում է Gulf-ը, բռնի ամուսնության ծեսը, որը հայտնի է որպես Pakudua Vivah, Հնդկաստանի Բիհար նահանգում սովորական երեւույթ է: Սովորաբար նման ծիսակատարության են դիմում այն ընտանիքները, որոնք հարմար փեսացու են փնտրում, սակայն իրենց չեն կարող օժիտի համար թանկարժեք ծախսեր թույլ տալ:
Հաղորդվում է, որ տեղական ոստիկանությունը միջադեպի քննություն է սկսել:











