Աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախագծի դեմ պայքարող «Աջ ղեկ» նախաձեռնությունն այսօր` հունվարի 7-ին, իրազեկման ավտոերթ անցկացրեց Երեւանում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ավտոերթին մասնակցում է շուրջ 200 վարորդ՝ աջակողմյան ղեկով մեքենաներով:
Վարորդներն Էրեբունու ավտոշուկայից շարժվեցին դեպի Արցախի պողոտա, որտեղից էլ Տիգրան Մեծի եւ Մաշտոցի պողոտաներով հասան Բաղրամյան պողոտա: Ավտոերթի մասնակիցները ԳԱԱ-ի շենքի դիմաց քննարկեցին իրենց հետագա անելիքները եւ կոչ արեցին քաղաքացիներին դուրս գալ ու պայքարել օրենքի նախագծի դեմ:
NEWS.am-ի հետ զրույցում «Աջ ղեկ» նախաձեռնության անդամ Արտաշես Հարթենյանը նշեց, որ Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպումը ոչ մի արդյունք չտվեցմ եւ նախաձեռնությունը որոշել է շարունակել պայքարը: «Մենք այս նախագծի դեմ շարունակելու ենք մեր պայքարը եւ պահանջում ենք որպեսզի հաշվի առնվեն մեր պահանջերը»,- նշեց նա:
Արտաշես Հարթենյանի խոսքով՝ նախաձեռնության անդամները վաղը հավաքվելու են կառավարության շենքի մոտ՝ վարչապետի հետ հանդիպում պահանջելու:
Նշենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Սա հիմնավորվում է աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման՝ տեխնիկապես վտանգավոր լինելով: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը:













