Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում լավ են ճանաչում Կոմիտաս Ասլանյանին։ Ինչպես ինքն է ասում՝ իր ընտանիքում ինը զինվոր է մեծանում, մեկ թագուհի՝ Լյովան, Դանիելը, Հովսեփը, Հակոբը, Ալվինան, Մեսրոպը, Արկադին, Նարեկը, Արտյոմը, Պարգեւը։ Ավագը Լյովան է, մի տարուց ծառայության է զորակոչվելու, կրտսերը երկու տարեկան Պարգեւն է։ «Երբ 10-րդ զավակը ծնվեց, հասկացանք, որ ամեն երեխա պարգեւ է»,-ասում է Կոմիտասն ու հպարտությամբ հավելում, որ Ալվինան է տան թագուհին՝ ինը եղբոր մինուճար քույրը։ 11-ամյա Ալվինան թագուհի է նաեւ դասարանում, երեք աշակերտից երկուսը տղա են։ «Ալվինան իմ աջ ձեռքն է, տնային գործերում օգնում է, հեշտ չէ ինը տղայի հոգսը»,-ասում է 10 զավակի 42-ամյա մայրը՝ Շողիկը։
Այնպես չէ, որ տղաների գործն ավելի թեթեւ է։ Կոմիտասն ասում է՝ տանը հաստատված կարգուկանոնն անխախտ է։ Բազմանդամ տնտեսության ծանր առօրյային անմասն են միայն վերջին երեք փոքրիկները։ Գործերը հստակ բաշխված են։ Երբ հյուր են գնում, տնտեսությունը Լյովային են ի պահ տալիս, իսկ փոքրերին Հովսեփն է տիրություն անում։ «Ամոթ է, որ բոլորով գնանք, շատ ենք մենք, Նարեկին ու Հակոբին ենք հետներս վերցնում, իրենք չարաճճիներն են, տանը մնան` կռիվ կանեն»,-ասում է Կոմիտասն ու շարունակում ներկայացնել նրանց պարտականությունները. «Դանիելը հետեւում է, որ վառարանի կրակը չհանգչի, նաեւ անկողնային հիվանդ տատիկին է խնամում»։
Այսպես կազմակերպված էլ գործի են անցնում գարնան բացվելուն պես։ Ի տարբերություն համագյուղացիների՝ Ասլանյանները մի քանի ժամում ավարտում են վար ու ցանքսը։ Շատ հող չունեն. կես հեկտարից էլ պակաս է։ Հիմնական ապրուստի աղբյուրն այդ հողն ու անասունն են, որոնցով էլ փորձում են այնպես ապրել, որ ստիպված չլինեն հանապազօրյա հացի համար դռներ ծեծել։ Վաղուց է համոզվել՝ բազմազավակ ընտանիքները իշխանության օրակարգից դուրս են, ծնելիության խթանման ելույթները՝ հեռուստաէկրանների համար։ Մի անգամ աշխատանքի համար դիմել է մարզպետին, հիասթափվել է։ Կոմիտասին խորհուրդ է տվել ուրիշի վրա հույս չդնել։ Այդպես էլ անում է. հույսը զավակներն են, հողն ու գոմը։ Տասը անչափահաս երեխայի համար նվազագույն աշխատավարձից մի քիչ ավել նպաստ է ստանում։ Իսկ առջեւում կրթության հարցերն են, որոնք Կոմիտասի ուժերից արդեն վեր են։ Անցած տարի նամակ է գրել վարչապետ Կարեն Կարապետյանին եւ հանդիպում խնդրել, որ անձամբ ներկայացնի բազմազավակ ընտանիքների խնդիրների հարցը ու իր փոքրիկ տնտեսությունը զարգացնելու համար մի առաջարկ անի, սակայն Կոմիտասի նամակին պատասխանել են, որ վարչապետը քաղաքացիների ընդունելության օր չունի, պետք է միջնորդով ասելիքը փոխանցի, նա էլ անիմաստ է համարել։ Ասում է՝ եթե վարչապետը ընդուներ ու իրեն նույնիսկ գումար առաջարկեր, չէր վերցնի, քանի որ խնդիրը պետք է օրինական դաշտում լուծվի, ոչ թե կարեկցանքով բանն ավարտվի։
«Ինը զինվոր էսօր մի տնից է, սա պետության համար ուղղակի գանձ է, Թալինի շրջանում սա միակ ընտանիքն է, որտեղ տասը երեխա կա։ Պետությունը պետք է օրենք մշակի բազմազավակ ընտանիքների համար։ Օրենքով պիտի սահմանվի՝ էս մարդը տասը երեխա ունի ու ինչի իրավունք ունի։ Ես մտածում եմ, որ տասը երեխա ունեցողը պիտի իրավունք ունենա գոնե մեկ բնակարան ստանալու։Բազմազավակ ընտանիքները անտեսված են»,-նեղսրտում է նա։ Չնայած դժվար կյանքին՝ դռներ ծեծելուն դեմ է, ասում է՝ բազմազավակ ծնողներին պետք է մատնացույց անեն որպես լավ օրինակներ, ոչ թե Նոր տարվա երկու կիլոգրամ մանդարինի, հումանիտար օգնության դասակարգ։
«Ինչքան էլ ես ասեմ՝ մենք լավ ենք ապրում, դրանով չեմ կարող իմ շրջապատում խթանել ծնելիությունը, պետությունը պետք է անի, որ մարդիկ տեսնեն` մեզ նման ընտանիքներին աջակցեց, եւ ոգեւորվեն, երեխաներ ունենան։ Ոչ թե ես դռներ ծեծեմ-ջարդեմ, խնդրեմ, աղաչեմ, լացեմ, որ ասեն՝ արի սրան մի բան տանք, մորթեց մեզ։ Ես միայն ինձ համար չեմ ասում, այլ բոլոր բազմազավակ ընտանիքների, որոնք Հայաստանում շատ չեն, բայց այսօր մեր երկրին օդի ու ջրի պես անհրաժեշտ են»,-ասում է մեր զրուցակիցը։ Թե արտագաղթի անկասելի հոսքով Հայաստանի իշխանությունը երբ դեմքով կշրջվի երեխաներով լի ընտանիքները, Կոմիտասը դժվարանում է կանխատեսել, բայց մի հարցում վստահ է՝ փոքրիկ Շղարշիկի այս մեծ ընտանիքում չեն անտեսի առաջիկայում սպասվող տոնը։ Հունվարի 10-ին փոքրիկ Նարեկի ծննդյան տարեդարձն է։ Նա կդառնա 6 տարեկան։ Հայրը կատակում է՝ Նարեկը ճոխ է պատրաստվել։ Գյուղում ում տեսել, հրավիրել է, իրեն էլ հրահանգել մեծ կովը մորթել։











