Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ եւ ԱՄՆ Կոնգրեսի հայերի վաղեմի բարեկամ Էդ Ռոյսը հայտարարել է այս տարի ընտրություններին չմասնակցելու մտադրության մասին։

1992 թվականին Կոնգրեսում ընտրվելուց հետո Էդ Ռոյսը ներկայացրել է Օրանժ օկրուգը, որտեղ ապրում է մեծ հայկական համայնք։

Իր պաշտոնավարման ժամանակ կոնգրեսական Ռոյսը կողմ է  հանդես  եկել  ԱՄՆ կառավարության կողմից ցեղասպանության ճանաչմանը, Արցախի ժողովրդի ինքնորոշմանը եւ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ  առեւտրային եւ ներդրումային կապերի զարգացմանը։

«Հայկական ծագում ունեցող ամերիկացիները բարձր են գնահատում  Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի  եւ Արցախի խաղաղ կարգավորման առաջարկներից մեկի հեղինակի ջանքերը»,-նշված է Ամերիկայում հայկական ազգային կոմիտեի ֆեյսբուքյան հայտարարության մեջ։