Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպաններն այսօր` հունվարի 18-ին, միջնորդություն ներկայացրին դատարանում ԱԱԾ մի քանի աշխատակիցների եւ ընթերակաների հարցաքննելու մասին: Պաշտպանները միջնորդեցին, որպեսզի «Կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին արձանագրության կազման ժամանակ ներկա եղած ԱԱԾ աշխատակիցներ Արթուր Արմենակյանին, Արթուր Վանեցյանին, Արմեն Բաղդասարյանին եւ ընթերականերից Իզաբելլա Մարգարյանին եւ Հայկ Ոսկանյանին դատարան հրավիրեն` հարցաքննության:

Իշխան Բարսեղյանն էլ նշեց, որ պաշտպանական կողմը կասկածի տակ է դնում «Կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամանակ ընթերակաների այնտեղ գտնվելու հանգամանքը, այդ պատճառով էլ պաշտպանական կողմը միջնորդություն է  ներկայացնում նրանց դատարան հրավիրելու մասին: Իշխան Բարսեղյանի հայտարարության վերջում նիստը նախագահող դատավոր Վաչե Մարգարյանը ասաց` «Լավ, պարոն Բարսեղյան»,-որին ամբաստանյալը հակադարձեց. «Ի՞ նչ լավ, հարգելի դատարան»: Վաչե Մարգարյանը նկատեց. «Լավ բան ենք ասում՝ բորբոքվում եք, վատ բան ենք ասում՝ բորբոքվում եք, պարոն Բարսեղյան»:

Մեղադրող Կարեն Բիշարյանն առարկեց պաշտպանական կողմի միջնորդությանը` նշելով, որ այն պատճառաբանված եւ հիմնավոր չէ:

Պաշտպանների ներկայացրած միջնորդությունը դատարանը մերժեց:

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: