ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւանում գործող թանկարժեք զարդերի առեւտրի կետից գողություն կատարած անձի ինքնությունը:
2017թ. դեկտեմբերի 28-ի հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երեւանում գործող թանկարժեք զարդերի մանրածախ առեւտրի կետից հափշտակել է 2 զարդ՝ պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երեւում է, թե ինչպես է միջին տարիքի մի կին մոտենում սեղանին, վրայից վերցնում ինչ-որ իր եւ այն դնում պայուսակը:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված կնոջը հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:













