Ուկրաինայի Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքի մոտ կործանված ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի քարտուղար Սվետլանա Ռիբալկոն «112 Ուկրաինա»-ի եթերում:
Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռում եղել է 3 կամ 4 մարդ:
Ռիբալկոյի խոսքով՝ ուղղաթիռը պատկանել է մասնավոր ընկերության եւ իրականացրել է ուսումնամարզական թռիչք:
Պոլտավայի մարզի ոստիկանության մամուլի քարտուղար Յուրի Սուլաեւը հայտնել է, որ վթարի վայրում փրկարարներ են աշխատում, որոնք «փորձում են ուղղաթիռ մտնել եւ հետազոտել սրահը»:
Նա չի հայտնել ավիաաղետի զոհերի ճշգրիտ թիվը: «Հնարավոր է, որ մինչեւ 3 մարդ է զոհվել… Իհարկե, մենք կճշտենք եւ հանրությանը կներկայացնենք նոր հանգամանքները»,- հեռուստաալիքի եթերում ասել է Սուլաեւը:











