ՀՀ 2015 թվականին ընդունված Սահմանադրության մեջ չկա «բարձրագույն կոչում» սահմանումը, ինչը շփոթ է առաջացրել. Կառավարությունը չի կողմնորոշվում՝ «ազգային հերոս» բարձրագույն կոչումը ներառել «պատվավոր կոչումների» շարքում, թե պետական պարգեւների շարքում:

Այս առնչությամբ,  այսօր՝ մարտի 6-ին, «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օրինագծի համազեկուցող Ռուստամ Մախմուդյանն ասաց, որ եթե նպատակահարմար չէ «ազգային հերոս»-ը ներառել պատվավոր կոչում եզրույթի տակ, քանի որ դրանով նսեմանում է այդ կոչումը, ապա լուծումը օրինագծով տրված է այնպես, որ «հայրենիքի շքանշանով» պարգեւատրված անձը համարվում «ազգային հերոս»: «Այսինքն, ստացվում է, որ նախագծով «ազգային հերոս» կոչմանը փոխարինող «հայրենիքի շքանշանը» պիտի պարգեւատրվի: Մյուս կողմից կարեւոր է, որ օրենքով «ազգային հերոսի» կոչման արժանանալու դեպքում, հասարակությանը պետք է տեսանելի լինի, որ տվյալ անձը, որ պարգեւատրվել է «հայրենիքի շքանշանով», «ազգային հերոսն» է»:

Մախմուդյանն առաջարկեց օրենքում հստակ բացվածք տալ, թե ազգային հերոսի կոչումը որն է:

ՀՀԿ խմբակցությունից Խոսրով Հարությունյանը նշեց. «Կարո՞ղ է մարդը պարգեւատրվել «հայրենիքի շքանշանով» եւ չլինել «ազգային հերոս»: Եթե չի կարող, ապա կարող ենք հստակ ձեւակերպել, որ կոչումը կոչվում է «ազգային հերոս», միաժամանակ նրան տրվում է «հայրենիքի շքանշան»:

«Ծառուկյան» խմբակցությունից Վարդան Բոստանջյանի խոսքով էլ եթե օրենքում նշվի «բարձրագույն կոչում» արտահայտությունը, դա որեւէ կերպ չի խախտի Սահմանադրությունը. «Ազգային հերոսի կոչումը բարձրագույն անվանելը խախտո՞ւմ է Սահմանադրությունը»,- հռետորական հարց ուղղեց նա ու շարունակեց. «Ում ուզում են թոշակի ուղարկել, պատվավոր կոչում են տալիս, ազգային հերոսն այդպիսին չի կարող լինել: Պետք չէ առաջնորդվել նրանով, որ Սահմանադրության մեջ «բարձրագույն կոչում» արտահայտությունը կա, թե չկա: Դա չի հակասում սահմանադրությանը»:

Նշենք, որ հիշյալ օրենքով նախատեսվում է, որ պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումներ շնորհում է ՀՀ նախագահը, բայց նա ինքնուրույն դա չի կարող անել, պետք է լինի միջնորդություն: սկ նման միջնորդություն կարող են ներկայացնել 4 մարդ՝ ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, ՍԴ նախագահն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: