Վրացական 10 հասցեում 20 օր առաջ տեղի ունեցած պայթյունից հետո, միայն օրերս է սկսվել մուտքի վերանորոգման աշխատանքները: Բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ աշխատանքները էլի չէին սկսվի, եթե «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին չհրավիրեին եւ վերջինս չբարձրաձայներ խնդրի մասին:

«Եթե Զարուհի Փոստանջյանը չգար, չնկարեր էլի չէին գա փորձաքննության համար չափ ու ձեւ անեին, կամ էս մուտքի վերանորոգումն էլ չէր լինի: Միայն Զարուհու գալուց հետո սկսեցին տեղից շարժվել ու տեսնենք` ինչ կլինի»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց պայթյունից ամենից շատ տուժած բնակիչ Էրիկ Հովհաննիսյանը:

Էրիկ Հովհաննիսյանը պատմեց, որ պայթյունի պահին տան են եղել եւ միայն բախտի բերմամբ չեն տուժել, քանի որ տան 3 դռները թռել են իրենց տեղից, պատուհանները լրիվ փշրվել:

«Մոտ 1000 դոլլարի չափով միայն այս բնակարանի վրա եմ ծախսել, երկրորդ հարկի բնակարանիս վրա մոտ 100 հազար դրամ եւ մեքենայիս հասցված վնասը` մոտ 1400 դոլլար: Բոլոր ծախսերը ինքս եմ հոգացել, ասել են` փորձաքննությունից հետո նոր կասեն, թե ով է փոխհատուցելու հասցված վնասը»,- նշեց նա:

Նշենք, որ համատիրության միջոցներով փոխվել են մուտքի պատուհանները եւ մուտքի դուռն է վերանորոգվել: Իսկ մուտքի ճաքած պատի վերանորոգումը բնակիչների խոսքով, պայթյուն տեղի ունեցած բնակարանի սեփականատիրոջ եւ համատիրության ծախսերով պետք է կատարվի:

Բնակիչները հույս հայտնեցին, որ շինարարական աշխատանքները կշարուրանակվեն, քանի որ մուտքի պատը ամեն րոպե կարող է փլուզվի եւ մեծ վնասներ հասցնի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրացական փողոցի 10-ր շենքում պայթյուն է եղել առաջին հարկի բնակարանում: Ականատեսների խոսքով, նախնական տեղեկություններովъ պատճառը գազի արտահոսքն է եղել, պայթյունից վնասվել է ամբողջ շենքը:

Դեպքից անմիջապես հետո այնտեղ է ժամանել նաեւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Բնակարանի տանտերերի հարազատների խոսքով, պայթյունի պահին բնակարանում մարդ չի եղել: Նախնական տեղեկություններով նշված բնակարանը վերանորոգվում էր, տանտերն այն հանձնել էր արհեստավորներին:

Վնասվել էին բակում կայանած 10 մեքենաները: Փրկարարները տարհանել էին 14 քաղաքացու: