Կանադացի տեսաբլոգեր Քսավյե-Ջասթին Նաջին նպատակադրվել էր գտնել աշխարհում ամենափոքր հյուրանոցային համարը: Դրա համար նա մեկնել է Հոնկոնգ: Արդյունքում տղամարդն իջեւանել է մոտ 3 քառ.մետր մակերեսով, առանց պատուհանների սենյակում: Դրա փոխարեն, մնացյալ բոլոր հարմարությունները տեղում էին: Ճիշտ է, դրանցից օգտվելն այնքան էլ հեշտ չէր, հայտնում է Daily Mail-ը:
Կանադացին որոշել է, որ իրեն կհաջողվի աշխարհում ամենափոքր հյուրանոցային համարը գտնել Չունկինգի «առանձնատներից» մեկում: Այսպես է կոչվում Հոնկոնգում 5 17-հարկանի շենքերի համալիրը, որոնք կառուցվել են 1960-ական թվականներին: Դրանք իսկական մրջնանոցներ են, որտեղ բնակվում է ընդհանուր առմամբ գերթե 10 հազար մարդ: «Առանձնատներում» տեղակայված են մի քանի տասնյակ հյուրանոցներ, ինչպես նաեւ ռեստորաններ, խանութներ եւ քրեական որջեր:
Համարը, որտեղ իջեւանել է կանադացին, արժե գիշերը 30 դոլար: Փաստացի սենյակի ամբողջ մակերեսը զբաղեցրել է մահճակալը: Ի դեպ, ճարտարապետներին հաջողվել է այսքան փոքր տարածքում տեղավորել նաեւ ցնցուղ՝ զուգարանի հետ միասին: Իհարկե, սանհանգույցից օգտվելն այնքան էլ հարմար չէր՝ ստիպված էր զուգարանակոնքի վրա կողքի թեքված նստել, այլապես ոտքերը հենվում էին դռանը, որը, սակայն, չէր փակվում:
Դրանից բացի, համարում կար հեռուստացույց եւ օդորակիչ: Կանադացին իր գտածոյով գոհ էր՝ հայտարարելով, որ իրենից առաջ այս համարում, հավանաբար, իջեւանել են աշխարհի ամենահանդուգն հանցագործները:











