Ավելի վաղ հրապարակված «Հայաստան. Անասնաբուծության մեջ աստիճանաբար մոտենում ենք ծայրահեղ կետի՞ն» հոդվածում ներկայացրել էինք ոլորտի չափազանց բացասական միտումները։
Այդ հոդվածում ներկայացվել էին հրապարակման պահին վերջին՝ 2016 թվականի տվյալները։ Օրերս Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ընտանի անասունների գլխաքանակի մասին հերթական տեղեկատվությունը, արդեն 2017 թվականի համար։ Դատելով այդ տվյալներից, ոլորտի գործերն ավելի վատ են, քան ակնկալվում էր։
Այսպես, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը մեկ տարում կրճատվել է 9,9 տոկոսով կամ 65,2 հազարով, ադ թվում՝ կովերինը՝ 29,2 հազարով (կամ նույն 9,9 տոկոսով)։ Կովերի գլխաքանակի նվազման գործոնը, ինպես նշվել էր նախորդ հոդվածում, լուրջ հարցականի տակ է դնում առաջիկա տարիներին խոշոր եղջերավորների գլխաքանակի վերականգնումը։ Եթե նման նպատակ, իհարկե, հետապնդվում էր։ Հավելենք, որ կրճատվել է նաեւ խոզերի գլխաքանակը 8,8 հազար միավորով (5,0 տոկոսով), ոչխարների եւ այծերի՝ 67,0 հազարով (9,2 տոկոսով)։
Հայրենական անասնաբուծության մեջ վաղուց ավանդական է դարձել կերերի անբավարարությունը (հարցը ամառային արոտավայրերի եւ պարբերական երաշտների, կերերի գնման թանկացման մեջ է(), նաեւ հիվանդություններից անասունների անկման։ Ի դեպ, հիվանդությունների մասին տեղեկությունները բավական հակասական են։ Անցած տարի տեղեկություններ են ստացվել Դեբեդ եւ Դսեղ գյուղերում ընտանի անասունների դաբաղից «զանգվածային հիվանդացության» մասին։
Սակայն Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնը հերքեց այդ տեղեկությունը՝ հայտարարելով, թե դաբաղի եւ ոչ մի դեպք չի հայտնաբերվել։ Սակայն, ինչպես հայտնի է, ծուխն առանց կրակ չի լինում։ Մեկ այլ, արդեն չհերքված դեպք. Այս տարի Շիրակի մարզում հիվանդանոց էին տեղափոխվել երկու անձինք՝ բրուցելյոզ ախտորոշմամբ, որը մարդուն է փոխանցվում հիվանդ կենդանիներից։
Ոլորտի այդ քրոնիկ խնդիրներին վերջին տարիներին նորերն են ավելացել։ Մասնավորապես, կենդանի անասունների արտահանումը։ Արտահանումն, իհարկե, պետք է զարգացնել։ Սակայն ողջամիտ սահմաններ կան։
Կա այլ գործոն եւս, կրկին բացասական բնույթի։ Խոսքը արտագաղթի մասին է։ Օրինակ, անցած տարի Ռուսաստանի քաղաքացիությունէ ստացել մեր 25 հազար նախկին հայրենակից։ Նրանց մի մասը, անխոս, գյուղաբնակներ էին, որոնք ընդմիշտ հրաժեշտ են տվել իրենց տնտեսությանը։ Նման դեպքերում ընտանի անասուններին շատերը սպանդանոց են ուղարկում։
Որպես ամփոփում, հիշեցնենք, որ անցած տարի բոլոր տեսակի մսերը թանկացան։ Այսպես, դեկտեմբերին տավարի մսի մանրածախ գինը տարեկան կտրվածքով աճեց 16,6 տոկոսով, խոզի մսինը՝ 37,1 տոկոսով, ոչխարի մսինը՝ 28,9 տոկոսով։ Եթե խոզի մսի դեպքում գների երկնիշ աճը կարելի է բարդել ներմուծման վրա, ապա տավարի եւ ոչխարի մսի դեպքում թանկացումը կարելի է բացատրել միայն տեղական գործոններով։
Սմբատ Գրիգորյան











