Ֆեյսբուքը մշտադիտարկում է մեր էլեկտրոնային նամակագրությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, դա չի նշանակում, որ ինչ-որ մարդիկ նստած կարդում են մեր նամակագրությունը, բայց ռոբոտներն անընդհատ զննում են դա. «Օրինակ ֆեյսբուքն ունի ինքասպանությունների կանխարգելման ծրագիր, որ փորձում է մեսինջերի գրառումների հիման վրա հասկանալ՝ արդյոք մարդը նման փորձ է ուզում անել եւ դիմի ընկերներին: Դա դեռ միայն անգլերեն է գործում: Բոլոր դեպքերում նամակներն ընթերցվում են: Դուք կարող եք օգտագործել չընթերցվող չաթի ծառայությունից, բայց այդ դեպքում էլ ավելի հետաքրքիր եք դառնում հատուկ ծառայությունների համար: Այդ դեպքում՝ ձեր նամակագրությունը ընթեռնելի չէ ֆեյսբուքի համար»,-ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը:

Հարցին, թե ինչ պետք է անեն սովորական օգտատերերտ՝ իրենց անձնական տվյալները պաշտպանելու համար, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց, որ շատ բան անել հնարավոր չէ. «Ֆեյսբուքը ստեղծել է միջավայր, որը մարդկանց կախվածության մեջ է դրել: Մարդկանց բիզնեսներն են այնտեղ, ծանոթներն են այնտեղ եւ շատ դժվար է այնտեղից դուրս գալ: Ի վերջո, եթե այդտեղից դուրս գաք, պետք է մեկ այլ սոցիալական ցանց գնաք, որը չեմ կարծում, որ ավելի բարեխիղճ է լինելու: Իսկ եթե մնում ես ֆեյսբուքում, պետք է կարողանաս ինքնուրույն տեղեկատվությունը զտել»: