Մենք քաղաքական վենդետտա չենք անելու, մենք գնալու ենք համերաշխության ճանապարհով։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը։
Նա ողջունեց խորհրդարանական բոլոր ուժերի պատրաստակամությանը՝ չառաջադրել այլ թեկնածուի կամ աջակցել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ «Մենք քաղաքական վենդետտա չենք անելու, մենք գնալու ենք համերաշխության ճանապարհով։ Մենք ապրում ենք նոր Հայաստանում եւ նոր էջ ենք բացելու»,- ասել է Միրզոյանը։
Նա նշել է, թե կան բազմաթիվ լավ մասնագետներ ստորին, միջին օղակներում, որոնք մնալու եւ ծառայել են Հայաստանին։ «Ավելին, շատ լավ մասնագետներ հեռացել են Հայաստանից, նրանք գալու են եւ ծառայելու են Հայաստանին»,- նշել է նա եւ հավելել. «Մենք ապահովելու ենք այդ պրոցեսի քաղաքական առաջնորդությունը, մենք ցուցաբերելու ենք քաղաքական կամքը՝ կերտելու մեր երազանքների Հայաստանը»։
«Շարունակելու են խենթ լինել, շարունակելու ենք երազել, կառուցելու ենք մեր երազանքների Հայաստանը»,- ասել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:
Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:











