ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը չի մեկնաբանում  պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի՝ Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելը:

Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀԿ-ի կողմից ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկելը Գեւորգ Կոստանյանը չի՞ համարում դավաճանություն, պատգամավորն ասաց. «Իհարկե ոչ, հիմա չի կարելի որեւէ մեկին մեղադրել եւ պիտակավորել դիրքորոշման եւ կարծիքի համար: Ինչքան հանրահավաքի մասնակից ցանկացած անձ ունի կարծիքի  ու դիրքորոշման իրավունք, այնպես էլ հանրահավաքին չմասնակցող ցանկացած անձ, այդ թվում պատգամավորները:

Հետեւաբար որեւէ մեկը որեւէ մեկին իր կարծիքի եւ դիրքորոշման համար պիտակավորելու իրավունք չունի, որովհետեւ եթե դուք չեք պաշտպանում իմ կողմից առաջ քաշված թեկնածուին, դա չի նշանակում որ դուք դավաճան եք: Հետեւաբար պիտակավորումներ որեւէ մեկն իրեն իրավունք չունի թույլ տալու, այդ թվում մոլորյալների պահով, դա էլ է պիտակավորում»:

Կոստանյանը նշեց նաեւ, որ եթե իրենք խրախուսում են ժողովրդավարությունը, հանդուրժողականությունը, այդ  հանդուժողականությունը պետք է վերաբերի յուրաքանչյուր անձի նկատմամբ վերաբերմունքով, պետք է արտահայտվի դրանով, ոչ թե միայն հայտարարությունների սահմաններում լինի: