Խմբակցությունն ինչ որոշի, դա էլ կանենք: Այսօր՝ մայիսի 3-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ պատասխանելով հարցին, թե մայիսի 8-ին ԱԺ հատուկ նիստում կայանալիք վարչապետի ընտրության ժամանակ արդյո՞ք կքվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին:
«Խմբակցությունն ինչ որոշի, դա էլ կանենք: Սա խմբակցություն է, մենք անհատական չենք ընտրվել, Հանրապետական կուսակցությունն է մեզ առաջադրել»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե ո՞րն էր Հանրապետականի սխալը, որ երկրում նման իրավիճակ ստեղծվեց, Սեյրան Սարոյանը պատասխանեց՝ պատմությունը հետո ցույց կտա, եւ հավելեց. «Իմ խիղճը մաքուր է ժողովրդի առաջ»:
Իսկ ընդդիմության դերում պատգամավորն իրեն շատ լավ պատկերացնում է. «Ես ե՞րբ եմ իշխանության հետ եղել, միշտ էլ ընդդիմադիր եմ եղել, միշտ ժողովրդի կողմից եմ եղել»:
Քվեարկության մասին հարցով լրագրողները դիմել են նաեւ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Մանվել Գրիգորյանին. պատասխանել է՝ ժամանակը կգա, կասենք:
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցով Ազգային ժողովի հատուկ նիստ կգումարվի մայիսի 8-ին, ժամը 12:00-ին: Այս անգամ վարչապետի թեկնածուներն առաջադրվելու են պատգամավորների 1/3-ի կողմից:
Թեկնածու չենք առաջադրի, կպաշտպանենք 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին. Վահրամ Բաղադասարյան











