Խոսքի ազատության պարագայում ամեն ինչ էլ կարելի է քննադատել եւ ամեն տեսակ կարծիք հայտնել: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հասցեին ԱԺ ամբիոնից հնչեցրած իր քննադատություններին, որը վերաբերում էր Փաշինյանի հագուկապին։

«Եթե նայեք իմ ելույթը, այնտեղ բազմաթիվ խնդիրների եմ անդրադարձել, միայն հագուստը չէ։ Տեսագրությունը նորից դրեք նայեք, խնդիր չեմ տեսնում», - ասաց նա։

Հարցին, թե ինչպե՞ս է քվեարկելու ամսի 8-ին, Մ. Հակոբյանը նշեց, որ այդ մասին կհայտնի խմբակցության ղեկավարը։

«ՀՀԿ-ն որոշում կկայացնի այդ մասին, դուք կտեղեկացվեք, ոչ մի կանխատեսում չեմ ուզում անել», - ասաց նա՝ հավելելով, որ մայիսի 8-ին ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը կհանտնի խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մենք հանդես կգանք ընդհանուր դիրքորոշմամբ՝ քվեարկությունից առաջ: Հիմա միասնական կքվեարկենք, թե այլ կերպ, կլինի առանձին հայտարարություն»,-ասաց նա:

«Ես ունեմ իմ կարծիքը, դա ամրագրված է Սահմանադարության մեջ՝ ինչպես է քվեարկում ԱԺ պատգամավորը։ Դրա վերաբերյալ մեր հարգելի գործընկեր Աղվան Վարդանյանը վերջերս շատ լավ պատասխան տվեց՝ «Ժողովուրդը նաեւ ես եմ, դուք եք, ժողովուրդը մենք բոլորս ենք»,-ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը: