Երկու պատգամավորներ լքել են ՀՀԿ խմբակցությունը: Այսօր այդ մասին հայտնել է ՀՀԿ-ի համամասնական ցուցակով ընտրված պատգամավոր Շիրակ Թորոսյանը, իսկ լրագրողների հետ զրույցում պարզաբանել որոշման պատճառը: Անհամատեղելիության պատճառներից մեկն էլ, ըստ պատգամավորի, մայիսի 8-ի քվեարկությունն էր. հիշեցնենք, որ Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ Շիրակ Թորոսյանը կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, ինչը համաձայնեցված չի եղել ՀՀԿ խմբակցության հետ: Սա զայրացրել էր հանրապետականներին:
ՀՀԿ խմբակցությունը լքելու, ինչպես նաեւ կուսակցությունից հեռանալու մասին հայտնել է նաեւ Արթուր Գեւորգյանը՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան: Ֆեյսբուքյան գրառման մեջ նա անդրադարձել է Հայաստանի վերջին իրադարձություններին՝ հավելելով, որ ցանկանում է իր այս քայլով նպաստել խորհրդարանում լարվածության նվազեցմանը: Ռեյտինգային ընտրակարգով ընտրված Արթուր Գեւորգյանը նույնպես չի հրաժարվի պատգամավորական մանդատից:
ԱԱԾ-ի ստուգումները հասել են նաեւ «Երեւան սիթի» առեւտրի կենտրոնների ցանցին: Մամուլի հրապարակումների համաձայն՝ ցանցի գանձապահներին Ծառայություն են կանչում՝ հարցաքննության: Որոշ տեղեկություններով՝ ԱԱԾ-ում պարզել են, որ «Երեւան սիթիներում» գանձապահները նաեւ, այսպես ասած, «կողմնակի» ՀԴՄ-ներով են աշխատում՝ առանձին Ա/Ձ-ների միջոցով: Այս դեպքում՝ մինչեւ 50 միլիոն շրջանառության պարագայում, հարկման շեմը 5% է, իսկ «Ալեքս հոլդինգ»-ի դեպքում գործում է ավելացված արժեքի հարկը՝ 20%-ի չափով: Պետեկամուտների կոմիտեի նախագահն ԱԱԾ-ի գործողություններից տեղյակ չէ, սակայն Դավիթ Անանյանն ինքն էլ օրերս խոշոր առեւտրային ցանցերի ներկայացուցիչներին հանդիպման է հրավիրել:
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի կողմից քննվող «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի գործին. Դավիթ Անանյանը մեկնաբանել է ընկերության գործունեությանը ՊԵԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածության հարցը: Դավիթ Անանյանը ՊԵԿ-ում կոռուպցիոն սխեմաներին մասնակցությունը վերացնելու հարցում վճռական է տրամադրված: Լրագրողներն Ազգային ժողովում փորձել են նաեւ պարզել ԱԱԾ-ի բացահայտումների մասին մի քանի գործարար պատգամավորների կարծիքը:
Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն». նախագահը որոշել էր վիրավոր զինծառայողներին անձամբ շնորհավորել Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով: Գեղեցիկ կահավորված եւ նորագույն սարքավորումներով հագեցած կենտրոնը հիացրել է Արմեն Սարգսյանին: Փոխարենը զարմացրել է տեղեկությունը, որ Հայաստանում հաշմանդամ զինծառայողներն անհրաժեշտ ոչ բոլոր դեղամիջոցներն են անվճար ստանում: Խնդիրներ կան նաեւ թանկարժեք հետազոտությունների հետ կապված:
Արմեն Սարգսյանը խնդրել է գրավոր հակիրճ ներկայացնել խնդիրը՝ խոստանալով լուծում գտնել: Նախագահն օգնություն է առաջարկել նաեւ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին. նա պետք է Գերմանիա մեկնի՝ վիրահատության: Արմեն Սարգսյանը տպավորվել է երիտասարդի հաջողություններով, որը վիրավորումից հետո ստիպված է եղել նորից գրել ու կարդալ սովորել: Կատակել է. գեղեցկուհի բժշկուհին է ապահովել հաջողությունները:
Ինչ վերաբերում է վիրավոր կամ հաշմանդամ զինծառայողների խնդիրներին. Արմեն Սարգսյանը կարծում է՝ նրանց մշտապես օգնություն տրամադրելը սխալ է: Ամենամեծ օգնությունը, ըստ նրա, նրանց աշխատանքով ապահովելն է: Նախագահը պատրաստվում է այդ հարցը բարձրացնել վարչապետի հետ հանդիպմանը:
Երեւանի պետհամալսարանի բազմաթիվ ուսանողներ այսօր դասադուլ էին հայտարարել: «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամները պահանջում են ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Ուսանողները նաեւ երթ են անցկացրել՝ շրջելով համալսարանի մասնաշենքերով եւ ուսանողներին հորդորելով միանալ իրենց: Ակցիայի մասնակիցները պահանջում են ֆինանսական աուդիտ անցկացնել համալսարանում, լուծարել հոգաբարձուների խորհուրդը, ապաքաղաքականացնել ու կասեցնել ԵՊՀ արհմիության եւ ուսխորհրդի գործունեությունը:
Ավելի ուշ ուսանողները հանդիպել են Արամ Սիմոնյանի հետ: Հանդիպման մասնակիցները, սակայն, իրավիճակից ելք գտնել չեն կարողացել: Արդյունքում ուսանողները որոշել են վաղը նորից դասադուլ անել: Իսկ Արամ Սիմոնյանը հայտարարել է, որ սա իր նկատմամբ հաշվեհարդար է՝ քաղաքական հայացքների եւ գաղափարների համար:
Թբիլիսիի եւ Դամասկոսի միջեւ դիվանագիտական սկանդալ է հասունանում: Սիրիան ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը եւ հայտարարել այդ երկրների հետ դեսպանատների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Այս որոշումը զայրացրել է Վրաստանին, որն Աբխազիան եւ Հարավային Օսիան իր բռնազավթված տարածքներն է համարում:
Թբիլիսին Դամասկոսի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու ընթացակարգ է սկսել: Այստեղ նաեւ որոշման համար Մոսկվային են մեղադրում: Վրաստանի փոխարտգործնախարար Դավիդ Դոնդուան հայտարարել է, որ սիրիական ռեժիմը Ռուսաստանի կողմից մանիպուլյացիաների հետեւանքով ապօրինի որոշում է ընդունել եւ միջազգային իրավունքի սկզբունքները խախտելով է ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի «անկախությունը»:
Գեղարքունիքում վթարի հետեւանքով պայմանագրային զինծառայող է մահացել: Կեսգիշերն անց 28-ամյա Նարեկ Ճաղարյանը Opel մակնիշի մեքենայով Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին՝ զորամասերից մեկի հարեւանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխվայր շրջվելով՝ հայտնվել ճամփեզրին: Փրկարարները մեքենայից դուրս են բերել Նարեկ Ճաղարյանի դին: Ըստ տեղեկությունների՝ երիտասարդը վերջերս էր ամուսնացել:
Մայիսի 29-ին դոլարը փոքր-ինչ թանկացել է, եվրոն՝ էժանացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 557, ռուբլունը՝ 7 դրամ 70 լումա, ֆունտինը՝ 640 դրամ:
Մայիսի 30-31-ը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +14+16, ցերեկը՝ +28+30 աստիճան տաքություն:











