Քաղաքական իրավիճակ է փոխվել, նոր քաղաքական թիմ է հանդես գալիս՝ նոր կառավարման համակարգով, եւ ես նպատակահարմար գտա տեղս զիջել այդ ուժի երիտասարդ կադրին: Հրազդանի ավագանու նիստում իր հրաժարականի ընդունումից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հրազդանի արդեն նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը՝ պատասխանելով հրաժարականի մասին հարցին:

«Քաղաքական իրավիճակ է փոխվել, նոր քաղաքական թիմ է հանդես գալիս՝ նոր կառավարման համակարգով, եւ ես նպատակահարմար գտա տեղս զիջել այդ ուժի երիտասարդ կադրին: Մեր քաղաքը սպեցիֆիկ է, բավական խնդիրներ ունի, եւ ես քաղաքաշինական խնդիրները շատ լավ պատկերացնելով՝ գիտեմ, որ այստեղ մեծ ներդրումներ են անհրաժեշտ»,- հավելեց Արամ Դանիելյանը:

Նա հավաստեց, որ նոր իշխանությունների հետ խնդիրներ չունի, բայց ինքը նախկին թիմի անդամ է եւ սկզբունքորեն չի կարող մնալ:

Հարցին, թե վերջին տարիներին ինչո՞ւ Հրազդանը չի զարգացել, նախկին քաղաքապետը պատասխանեց. «Որտեղ աշխատանք կա, այնտեղ թերացումներ կլինեն: Իմ թիմի հետ մեծածավալ խնդիրներ ենք լուծել քաղաքում: Եթե մինչեւ 2002 թվականը տեսել եք մեր քաղաքի վիճակը, կհասկանաք, որ բոլոր առումներով խնդիրներ ունեցել ենք: Ջեռուցման խնդրի հետ կապված բազմաթիվ պարտքեր ենք մարել, գիտեք նաեւ՝ ինչ վիճակում էր ջրամատակարարումը, բայց այսօր 24-ժամյա ջրամատակարարում ունենք: Ֆինանսներ ենք հայթայթել, մենակ 200 կմ ճանապարհ ենք ասֆալտապատել: Բնականաբար՝ դժգոհություններ էլ կլինեն, բոլորի համար լավը չէի կարող լինել»:

Առաջիկայում քաղաքապետարանում սպասվող ստուգումների հետ կապված մտավախություններ Արամ Դանիելյանը չունի: Ասում է՝ իր հետ աշխատած թիմին  հորդորել է մնալ եւ աշխատել, չնայած քաղաքապետարանի աշխատակիցների մի մասը պատրաստվում է ազատվել աշխատանքից:

Հիշեցնենք, որ Արամ Դանիելյանը Հրազդանի քաղաքապետն է եղել 17 տարի: Նրա հրաժարականը հաստատվել է ավագանու հուլիսի 2-ի նիստում: