Այն դպրոցները, որոնք պարզվել է, որ լիցենզիա չունեն, դիմել են լիցենզավորման։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա:

«Այն դպրոցները, որոնք պարզվել է, որ լիցենզիա չունեն, դիմել են լիցենզավորման։ Համապատասխան մասնագետները հետեւում են այդ գործընթացին, փորձում ենք գտնել լուծումներ»,–նշեց նախարարը։

Արայիկ Հարությունյանը չբացառեց, որ գուցե այս տարի մեղմ մոտեցում կդրսեւորվի, որ դասապրոցեսը չտուժի. «Բայց հաջորդ տարվանից շատ լուրջ խստացումներ կլինեն՝ ընդհուպ առաջին դասարանցիների էլեկտրոնային գրանցում, որը թույլ չի տա դպրոցներին այլեւս իրենց ունեցած լիցենզիաներից ավելի աշակերտներ ընդունելու, իսկ ավելի բարձր դասարաններում սովորող աշակերտների պարագայում մարման կարգով մենք կնվազեցնենք այդ դպրոցների ընդունելության հնարավորություններն այնքան, մինչեւ համապատասխանեն լիցենզիաների թվին»։

Հարցին, թե ծնողները կարող են Պուշկինի դպրոցում երեխայի առաջին դասարանի ընդունելութնյան համար դիմել, նախարարը, մասնավորապես, ասաց. «Առաջին դասարանների դեպքում, գուցե՝ ոչ, դա մենք կքննարկենք իրենց հետ, համապատասխան գործընթացների արդյունքում որոշումներ կկայացվեն, բայց 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարանների դեպքում նրանք կշարունակեն»։

Արայիկ Հարությունյանը հավելեց, որ այս պահին նման 4 դպրոց կա. «Բայց մենք մի քանի տասնյակ դպրոցների դեպքում ունենք խնդիր։ Ես հանձնարարել եմ ստուգումների արդյունքում ցուցակները ինձ տրամադրել, քանի որ որոշ տեղերում ավագ դպրոցը առանց համապատասխան լիցենզիայի իրականացնում է ավելի կրտսեր դասարանների աշակերտների ընդունելություն եւ դասապրոցես է կազմակերպում։ Ստուգումների արդյունքները կհրապարակվեն եւ կհասկանանք, թե այդ դպրոցների հետ կապված ինչ քայլեր ենք անելու»։

Ավագ դպրոցների լիցենզիա ունեցող դպրոցների կողմից կրտսեր դասարանների աշակերտների ընդունելությունը ԿԳ նախարարը պայամանավորեց ուսուցիչների զբաղվածության խնդրով. «Քանի որ ավագ դպրոցներում համապատասխան բովանդակության արդյունքում չի հաջողվում լրացուցիչ աշակերտներ ներգրավվել, փորձել են իրենց ուսուցիչների զբաղվածությունը ապահովել լիցենզիայից դուրս կրթական ծրագիր իրականացնելով»։

Նրա խոսքով, երբ լիցենզիայից դուրս աշակերտներ են ընդունում,դա անմիջապես ազդում է երեխաների առողջության վրա.

«Երբ լիցենզիայից դուրս աշակերտներ են ընդունում, դա անմիջապես ազդում է երեխաների առողջության վրա, քանի որ դա ենթադրում է տարածքի պակաս եւ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքները։ Բացի այդ, լիցենզիայից ավելի աշակերտներ  ընդունող դպրոցներում կրտսեր դասարաններում այդ երեխաները օգտվել են ավագ դասարանների դասարաններից, նստարաններից, որոնք հարմարեցված չեն կրտսեր դասարաններում դասապրոցեսը իրականացնելու համար։ Դրանից կարող են շատ ավելի լուրջ հետեւանքներ առաջանալ՝ հաշմանդամություն, ողնաշարի հետ կապված խնդիրներ եւ այլն»։

Նախարարը շեշտեց, որ այս ամենը դպրոցներում թաքցնել հնարավոր է եղել հովանավորչության միջոցով. «Կարող եմ դեպքեր նշել, որ նույն Չեխովի դպրոցի տնօրենը տեսչական մարմնին թույլ չի տվել մտնել։ Կամ եղել են դեպքեր, երբ տեսչական մարմինը կամ լիցենզավորման վարչությունը փորձել են մտնել, կարճ ժամանակ անց զանգեր են ստացել, որ այդ «օլիգարխ» դպրոցներին չդիպչեն»։   

Հարցին, արդյոք նշյալ դպրոցների տնօրենները պատասխանատվություն կրելու՞ են, թե՞ ոչ, ԿԳ նախարարը պատասխանեց. «Քանի որ սեպտեմբերի 1-ը մոտ է, մենք ավելի միտված ենք դասապրոցեսը նորմալ կազմակերպելուն։ Գիտեք, որ այդ դպրոցները համայնքապատկան են, եւ Երեւան քաղաքի քաղաքապետարանի համապատասխան վարչությունը պետք է միջոցներ ձեռնարկի։ Առայժմ խոսակցությունը դրան չի հասել, բայց դրան էլ հերթը կհասնի»։