Այո, կան մարդիկ, որոնք աշխատում են Ամուլսարի հանքում եւ կարող են այսօր իրենց երեխաների համար հեծանիվ գնել, սակայն 10-15 տարի հետո միլիոններ են ծախսելու իրենց երեխաներին բուժելու համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին կառավարության դիմաց ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց ցուցարարներից մեկը։
«Ի՞նչ է նշանակում թույնել ջուրը եւ դրանով գումար վաստակել։ Ի՞նչ խղճով պիտի այդ գումարը ուտես, երբ հարեւանիդ երեխան պիտի թունավորվի։ Մի օր պիտի փախնես Շվեյցարիա, ստրուկի կյանքով ապրես։ Պետք է ազգային արժանապատվություն ունենալ մի քիչ։ Չի՛ կարելի երեխայի ապագան մի քանի կոպեկով վաճառել այլազգիներին»,–նշեց նա իր ելույթում։
Ցուցարարները կառավարությանը խնդրեցին վերանայել երկրի տնտեսական քաղաքականությունը, քանի որ հանքարդյուանբերությունը տնտեսության առաջնային ճյուղն է, ինչը, սակայն, երկրի «քաղցկեղն» է. «Շատ ուրիշ ոլորտներ կան, որոնք կարելի է զարգացնել գյուղատնտեսությունից մինչեւ զբոսաշրջություն, իսկ հանքը վնասում է թե՛ գյուղատնտեսությանը, թե՛ զբոսաշրջությանը։ Պետք չէ հեգնել գյուղատնտեսությանը, թե՛ զբոսաշրջությանը»։
Ցուցարարները «Ամուլսարան առանց հանքի» վանկարակումներով շարժվեցին դեպի «Լիդիան Արմենիայի» գրասենյակ։
Գրասենյակի դիմաց ցուցարարներից Մանե Բաբայանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ սաբոտաժ չանելու կոչին, նշեց. «Այո՛, ես մինչեւ կյանքիս վերջ սաբոտաժ եմ անելու, երբ կպնեն Հայոց աշխարհին ու հայ ժողովրդին։ Ով ուզում է լինի՝ Սերժ, Նիկոլ թե մեկ ուրիշը։ Ուզում եմ հարցնել մեր վարչապետին, արդյոք Արմեն Սարգսյանը ցույց տվե՞ց վերջին 6 տարում ՀՀ քաղաքացիության մասին փաստաթուղթը։ Եթե ցույց է տվել, թող մեզ էլ ցույց տա»։
Նշենք, որ գրասենյակի դիմաց ցույցով ցուցարարները այսօր կավարտեն երթը։
Հիշեցնենք, որ դեռեւս ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը պահանջում էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրապարակային ցույց տա փաստաթուղթը, ըստ որի հրաժարվել է Բրիտանիայի քաղաքացիությունից, ինչը ՀՀ նախագահ դառնալու համար օրենսդրական պահանջ է: Ավելի ուշ Փաշինյանը հայտարարել էր, որ Արմեն Սարգսյանն իրեն ցույց է տվել այդ փաստաթուղթը, սակայն այդպես էլ այն չհրապարակվեց:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արդեն 13-րդ օրն է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստները փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը: Նրանք բողոքում են հանքի շահագործման դեմ եւ պահանջում են դադարեցնել աշխատանքները: Քաղաքացիների խոսքով՝ հանքի շահագործումը վտանգավոր է հասարակության եւ շրջակա միջավայրի համար: Վտանգի եւ ռիսկերի մասին նաեւ Հայաստան ժամանած միջազգային փորձագետներն են խոսել: Նրանք հայտարարել են, որ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունը պետք է մաքրող կայան կառուցի, հակառակ պարագայում թթվային դրենաժի հնարավորություն կա, ինչը լուրջ ռիսկեր է պարունակում։
Հունիսի 1-ին բնապահպանները Երեւանից ավտոերթով հասել են Ջերմուկ նեւ իրենց աջակցությունը հայտնել հանքի բացման դեմ պայքարողներին:
«Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, անդրդրվելի է. մի քանի օր է՝ ցույցեր են անում նաեւ ընկերության աշխատակիցները՝ պահանջելով չխանգարել իրենց աշխատանքին: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի՝ բողոքի ակցիաների պատճառով արդեն իսկ 3.5 միլիոն դոլարի վնաս են կրել: Ընկերությունը մտադիր է դիմել դատարան:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով աշխատանքային խումբ է ձեւավորվել՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ:











