Ֆուտբոլային թիմի տասներկու դպրոցականներ ու նրանց մարզիչը առաջիկա երկու օրերին էլ կմնան Թաիլանդի Կհաո Լուանգ քարանձավում։ The Nation թերթը գրում է , որ փրկարարները դեռ նրանց տարհանման հստակ ու անվտանգ պլան չունեն։

Պարբերականը հիշեցնում է, որ 13 մարդ է գտնվում ստորգետնյա քարանձավի մուտքից 5 կմ հեռավորության վրա, իսկ նրանց ճանապարհը բաղկացած է նեղ, ջրով լցված հատվածներից, որոնք նրանք ստիպված կլինեն լողալով անցնել։ Մասնագետների խոսքով՝  երեք մարդու, այդ թվում մարզչի մոտ նկատվել են վարակման նշաններ՝ քարանձավի ներսում անբարենպաստ միջավայրի պատճառով։ Սակայն ըստ փորձագետների ՝ դա վտանգավոր չէ նրանց առողջության համար։

Դպրոցականները ունեն մեկ շաբաթվա ջրի պաշար ու անհրաժեշտ սարքավորումներ ջրի տակ սուզվելու համար։ Չիանգրայի նախկին նահանգապետ Նարոնգսակ Օսոտխանակոնը, որը ղեկավարում է փրկարարական գործողությունը, ասել է, որ դժվարացել է քարանձավ թթվածնի մատակարարումը, չնայած դրա համար հատուկ խողովակ է տեղադրվել։ Նա շեշտել է, որ երեխաներին պետք է անհապաղ տարհանել, քանի որ մոտակա օրերին կանխատեսվում են ուժեղ անձրեւներ, ու քարանձավը կարող է նորից լցվել ջրով։

«Ցանկացած գործողություն, որը մենք մտադիր ենք ձեռնարկել, պետք է նվազագույն ռիսկեր պարունակի»,- շեշտել է նա։ Գործողության ղեկավարը հավելել է, որ Մեծ Բրիտանիայից եւս երկու մասնագետ է Թաիլանդ ժամանելու՝ տարհանմանը օգնելու համար։