Կանադայում երեք հայտնի տեսաբլոգերներ են զոհվել, որոնք Youtube-ի համար նկարահանում էին իրենց ճանապարհորդությունը աշխարհով մեկ: Նրանք ընկել են բարձր ջրվեժից, հայտնում է BBC-ն:
Ռայքեր Գեմբլը, Ալեքսեյ Լյախը եւ Մեգան Սքրեյփերը իրենց High On Life ալիքում ներկայացնում էին միջազգային արկածները: Նախագծի հաղորդագրության մեջ նշված է. «Այս երեք մարդիկ աչքի էին ընկնում բարեխղճությամբ, բարիությամբ եւ նպատակասլացությամբ»:
Ոստիկանության տեղեկություններով՝ երեքշաբթի երեքն էլ լողացել են Բրիտանական Կոլումբիայի Շենոն Ֆոլս ջրվեժի գագաթին, սակայն սայթաքել են եւ ընկել 30 մետր բարձրությունից:
Կանադական լրատվամիջոցներում հրապարակված վարկածի համաձայն՝ ճանապարհորդները ջրվեժի գագաթին զբոսնել են, երբ Սքրեյփերը ջուրն է ընկել, որից հետո նրա ուղեկիցները փորձել են աղջկան փրկել: Նրանք չեն կարողացել հաղթահարել ուժգին հոսանքը եւ վայր են ընկել: Հաղորդվում է, որ նրանց հետ եւս մեկ մարդ է եղել, որ ցած է վազել օգնություն կանչելու:











