Նաիրիտի աշխատակիցներն այս պահին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով վճարել իրենց յոթ ամսվա չվճարված աշխատավարձերը։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ աշխատակիցները այս պահին արգելափակել են շենքի ելքն ու մուտքը։
«Մեկ ամիս է՝ մեր աշխատավարձերը վճարելու մասին Փաշինյանի որոշումը կա, բայց էսօր–էգուց անելով խաբում են, չեն վճարում, Արտակարգ իրավիճակների նախարարը գործում է Փաշինյանի դեմ, «Ծառուկյան» դաշինքում արդեն նախընտրական քարոզարշավ են սկսել, մեր հարցերով էլ չեն զբաղվում։ Փաշինյանը, որ իրիկունը մտնի, տեսնի՝ նման խնդիր կա, անմիջապես կլուծի»,–ասաց աշխատակիցներից Արտաշ Բաղդասարյանը։
Նշենք, որ «Նաիրիտի» անվտանգությունն ապահովող աշխատակիցները գրանցված են ԱԻՆ–ում, աշխատավարձը ստանում են նախարարությունից։
Աշխատակիցներից Հրաչ Թադեւոսյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ քիչ առաջ կառավարությունում հանդիպել է արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանին, որը նրան հորդորել է աշխատակիցների հետ գնալ նախարարություն եւ այնտեղ սպասել իրեն, սակայն աշխատակիցները չեն համաձայնել, պնդում են, որ մնալու են կառավարության շենքի մոտ։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին կառավարության դիմաց բողոքի ցույց իրականացնող նաիրիտցիների հետ զրույցում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ նաիրիտցիները առավելագույնը մինչեւ մյուս շաբաթվա սկիզբը աշխատավարձերը կստանան։ «Վարչապետի հանձնարարականը եղել է, տեխնիկական պատճառով չի կատարվել։ Եթե այս շաբաթ չլինի, մյուս շաբաթվա սկզբներին կլինի»,–ասել էր Միրզոյանը։













