NEWS.am-ի «Հաջողության ճանապարհը» խորագրի հերոսն այս անգամ նկարիչ, անիմատոր Հայկ Սայադյանն է: Նա մեզ հյուր է եկել իր հերոսների հետ միասին: Հենց նրանց մասին էլ զրուցել ենք Հայկի հետ. ինչպե՞ս են նրանք ծնվել, ինչի՞ց են ոգեշնչված ու ի՞նչ ասելիք ունեն:
Հայկն իր ուղին գտել է դեռ մանկուց. ընդ որում՝ նրան միշտ հետաքրքրել են այնպիսի թեմաներ, որոնց մասին շատ քչերն են բարձրաձայնում: Իզուր չէ, որ նույնիսկ համալսարանն ավարտելիս դիպլոմային աշխատանքի համար Հայկը գրել ու նկարազարդել էր մի գիրք, որը պարզապես արգելվել է ներկայացնել որպես դիպլոմային աշխատանք՝ ընտրված սուր թեմաների պատճառով:
Հայկի հաջողությունները նկարչության եւ անիմացիայի ասպարեզում բազմաթիվ են, «ՌեԱնիմանիա» փառատոնում լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում մրցանակից մինչեւ Նիկոս Կազանտակիսին նվիրված մրցույթի գլխավոր մրցանակ, ինչպես նաեւ բազմաթիվ այլ պարգեւներ ու ցուցահանդեսներ: Սակայն իր գլխավոր հաջողությունը Հայկը համարում է այն, որ ապրում է սիրելի երկրում, սիրած մարդկանց շրջապատում ու զբաղվում է սիրելի գործով:











