Ես նախընտրում եմ ՊԵԿ–ում պաշտոնների նշանակել փորձառու մասնագետների։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ մեկնաբանելով ՊԵԿ–ում նշանակումների հետ կապված դժգոհությունները։
«Ես նախընտրում եմ պատասխանատու պաշտոնների նշանակել մարդկանց, որոնք նախկինում աշխատել են ՊԵԿ համակարգում, միաժամանակ երիտասարդ կադրերի ենք ընդունում, որ կարողանանք ապահովել ներքեւից՝ երիտասարդ կադրեր, վերեւից՝ փորձառու կադրեր, աստիճանաբար իրականացնելով կադրային հերթափոխություն, որովհետեւ ՊԵԿ–ը այդ համակարգն է, որ փորձն ու երիտասարդությունը պետք է իրար հետ համատեղելիությամբ աշխատեն»,–նշեց նա։
Դիտարկմանը, որ մամուլում շրջանառվում են լուրեր, որ ՊԵԿ–ում պատասխանատու պաշտոնների նշանակվող անձինք կոռումպացված են եւ նախկին իշխանությունների հովանավորյալներ, Դավիթ Անանյանը նշեց. «Մամուլի հաղորդագրությունը, որ այս կամ այն անձը կոռումպացված է, եկեք ընդունենք հանցագործության մասին հաղորդում, ուղարկենք դատախազություն, բայց դա իր անբարենպաստ հետեւանքները կունենա, օրինակ, սուտ մատնության առումով»։
Հարցին՝ նա բացառում է կոռուպցիայի առկայությունը ՊԵԿ–ում, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Ես բացառում եմ համակարգված կոռուպցիոն սխեմաների առկայությունը ՊԵԿ–ում»։











