Տեսանյութը, որտեղ քաղաքացին կոտրում է իր լվացքի մեքենան, PR ակցիա էր: Այս մասին այսօր՝ հուլիսի լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Տվյալ անձի վարքագիծն էլ է հայտնի է՝ նա 2010-2017 թվականներին 5 անգամ քաղաքացիություն է փոխել, 5 անգամ՝ անձնագիր, եւ վերջին 1 ամսվա ընթացքում 13 սահմանահատման դեպք է ունեցել։ Անձին ասել են, որ օրենսդրությունն այնպիսին է, որ պետք է մաքսազերծի, բայց որեւէ 100 դոլարի մասին խոսք չի եղել, եւ կան ՊԵԿ-ի տեսախցիկների տեսաձայնագրությունները»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ հայտնի տեսանյութում նշվում էր, որ 100 դոլար արժողությամբ լվացքի մեքենայի մաքսազերծման համար իրենից 100 դոլար են պահանջել։
Անանյանը համոզմունք հայտնեց՝ տվյալ անձի գործողությունները PR ակցիա էր. «Ցանկացած պարագայում, եթե օրենսդրությամբ սահմանված է, որ պետք է մաքսային ձեւակերպում իրականացնենք, մենք մեր սուրբ պարտականությունն ենք կատարում։ Եթե անձը որոշել է PR ակցիա անել, իր մեքնենան տա ու «ջարդուփշուր» անի, մենք ինչ պիտի անեինք»։
Անդրադառնալով հայրենադարձության հետ կապված դեպքերին, երբ, օրինակ, անձին թույլ չեն տալիս իր մեքենայով ՀՀ մուտք գործելու դեպքում լրացուցիչ 4 անվադող բերել, Անանյանը հայտնեց, որ ՀՀ ներպետական եւ ԵՏՄ օրենսդրության հակասության կա. «Երբ մեր հայրենակիցները վերադառնում են, մեր օրենքով անձնական գույքի համար չպետք է մաքսատուրք վճարեն, ԵՏՄ դեպքում դա տարածվում է արտերկրյա քաղաքացիների վրա եւ մեր քաղաքացիների վրա՝ միայն ավտոմեքենայի մասով։ Եթե որոշենք, որ ներպետական օրենքն ենք կիրառում իրավական խնդիրներ կունենանք։ Անձնական օգտագործման մեքենա կարող են ներմուծել, անվադող՝ ոչ»։











