Սեւանից ավելի շատ ջուր բաց թողնելու նախաձեռնություն կառավարության կողմից չկա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։
«Սեւանից մի կաթիլ ավելին ջուր բաց թողնելու համար պետք է լինի Ազգային ժողովի որոշումը։ Այսօրվա դրությամբ կառավարության կողմից նախաձեռնություն չի եղել»,–նշեց նա։
Նա հայտնեց նաեւ, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն քննարկում ներկայացրել է, բայց կառավարությունից նման նախաձեռնություն չի եղել, հետեւաբար ԱԺ չի ներկայացվել։
Նախարարը նկատեց հետագա գործողությունները կախված կլինեն տեղումներից, բայց համակարգը բարեփոխման կարիք ունի, իսկ բարեփոխման գործընթացը էժան չի լինի։ «Քննարկումներ կան, այսօր էլ կառավարության նիստից առաջ քննարկված հարցերից է եղել համակարգի բարեփոխումը»,–նշեց նա։
Նախարարը անդրադարձավ մասնավարոպես այն պնդումներին, որ 70 տոկոսով ջուրը կորում է, ջուրը չի չափվում, եւ նշեց, որ իր համար այդ պնդումները ընդունելի չեն. «Աչքաչափով է գյուղացուն ջուր տրվում, սակայն գյուղացու նկատմամբ ազնիվ լինելու համար ջուրը պետք է չափվի։ Այսինքն՝ սպառել ես այսքան ջուր՝ պետք է վճարես այսքան»։











