Դա իր անձնական դիրքորոշումն է, ես չեմ պատրաստվում արձագանքել նրա կարծիքին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հայտարարությանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ լրագրողներին ասաց, որ դա միայն Գեւորգ Պետրոսյանի անձնական կարծիքն է, իրենք Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն են առաջադրել:
Լրագրողների հարցին, թե արդյոք քննարկե՞լ են Գեւորգ Պետրոսյանի հայտարարությունը կուսակցության նիստում, Էնֆիաջյանը չպատասխանեց:
Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Գեւորգ Պետրոսյանն ասել է, որ ինքը քաղաքում չի գտնվել, կուսկացության նիստին չի մասնակցել, կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ իր դիրքորոշումը չի քննարկել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեւորգ Պետրոսյանը չի պատրաստվում վայր դնել մանդատը եւ լքել կուսակցությունը:
Նշենք, որ օգոստոսի 2-ին Գեւորգ Պետրոսյանը քննադատել էր Նաիրա Զոհրաբյանին քաղաքապետի թեկնածու առաջադրելու որոշումը եւ գրել, որ աղբանոցի մեկօրյա այցը և թունավորված զոհի դիմակ հագնելը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար:











