ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ինչ–որ առանձին անունների հետեւից չի գնում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ պատասխանելով հարցին, թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաների շքեղ առանձնատների կառուցման աղբյուրները չե՞ն պատրաստվում ուսումնասիրել։
«Ուսումնասիրությունները 2 ձեւով են իրականացվում՝ վարչապետի հանձնարարականով եւ մեր ռիսկերի գնահատմամբ, ինֆորմացիայի հավաքագրմամբ, ինչ–որ առանձին անունների հետեւից չենք գնում»,–հայտնեց նա։
Լրագրողի ճշգրտմանը, որ խոսքը ՀՀԿ–ական կարկառուն ներկայացուցիչների՝ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Բեգլարյանի մասին է, Սանասարյանն ասաց.
«Այստեղ նաեւ էթիկայի հանձնաժողովն անելիք ունի՝ թե նրանք ինչ են հայտարարագրել եւ եթե պարզվում է, որ այդ մարդիկ այլ կարողություններ ունեն, որոնք չեն հայտարարագրել, դա քրեական այլ շրջանակներում պետք է դիտարկել»։
Նա, այնուամենայնիվ, հավաստիացրեց՝ Պետական մարմինների ուսումնասիրության արդյունքում, բնականաբար, դիտարկում են նաեւ այդ հարցերը. «Այն պետական հիմնարկներում, որ ուսումնասիրության ենք կատարում, մենք կարող են դիտարկել՝ առնչությո՞ւն ունի իր զբաղեցրած պաշտոնի հետ, թե՞ չունի»։











