ԵԿՄ անդամների մի մասը նախագահի թափուր տեղի համար առաջադրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի թեկնածությունը, մի մասը՝ ՔՊ նախագահ Սասուն Միքայելյանի, մի մասն էլ՝ ԵԿՄ հիմնադիր անդամ Արա Խուդավերդյանի (Կոռնիձորի Արո) թեկնածությունը։ NEWS.am–ի հետ հարցազրույցում Արա Խուդավերդյանը պատմեց քննարկումների մանրամասները։
«Դահլիճում եղան մարդիկ, որոնք արտահայտվեցին Սասուն Միքայելյանի՝ իշխանական ներկայացուցիչ լինելու մասին, բայց Սասուն Միքայելյանը դեռ պատասխան չի տվել։ Խնդրեցին, պարտադրեցին, որ 2 ժամ հետո պարտավոր է ասելու, բայց մինչեւ այսօր դեռ պատասխան չի տվել եւ չգիտեմ, թե ինչպիսի կլինի արձագանքը»,–ասաց Արա Խուդավերդյանը։
Նա կարծում է, որ Սասուն Միքայելյանը չի համաձայնի ղեկավարել ԵԿՄ–ն՝ թողնելով «հանրապետական վերափոխումների գործընթացը եւ քաղաքական պատասխանատվությունը»։
Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի թեկնածության մասին Կոռնիձորի Արոն ավելի խիստ արտահայտվեց. «Արամ Սարգսյանի թեկնածությունը առաջադրել է Երկրապահի մեկ այլ թեւ, որոնք Հանրապետականի ներկայացուցիչներ են՝ ի դեմս Ուլիխանյանի եւ մյուսների։ Ես ենթադրում եմ Արամ Սարգսյանը, հաշվի առնելով «Լույս» դաշինքի ընտրապայքարի անկումը, չպետք է շարունակի իր հետագա պայքարը Երկրապահի համար»։
Համագումարի անցկացման օրը դեռ պարզ չէ. «Համագումարի օրը կարող է լինել սյուրպրիզային եղանակով, դա կարող է լինել հոկտեմբեր ամսին, եթե, Աստված չանի, հետաձգվի մինչեւ մայիս»,–ասաց Արա Խուդավերդյանը։
Ճշտող հարցին, թե նշվում էր սեպտեմբերը, Արա Խուդավերդյանը պատասխանեց. «Եթե «Լույս» դաշինքը իրեն սատարող Հանրապետականներով հաղթեր այս ընտրապայքարը, նրանք շուտ կնշանակեին ընտրությունը։ Քանի որ ընտրապայքարը տարավ ջախջախիչ պարտություն, թեկուզ Քաղաքապետարանում ավագանու 3 տեղ ունեցան, դա արդեն լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս՝ իրենց հյուսած լեգենդների եւ ձեւավորած քաղաքական եւ երկրապահյան արշավի վրա»։
Դիտարկմանը, որ «Լույս» դաշինքը մերժում է ՀՀԿ–ի հետ որեւէ կապ, Արա Խուդավերդյանը հակադարձեց՝ Արամ Սարգյանին առաջադրած Ուլիխանյանը ՀՀԿ անդամ է, ՀՀԿ–ի որոշ անդամներ ֆեյսբուքում գրեցին, որ սատարում են «Լույս» դաշինքին։
Անդրադառնալով որոշ ազատամարտիկների կարծիքին, որ Սասուն Միքայելյանին ու Արամ Սարգսյանին առաջադրողները նախկինում Սերժ Սարգսյանի կողքին էին, Արա Խուդավերդյանն ասաց. «Ինձանից բացի բոլորը եղել են Սերժ Սարգսյանի կողքին»։
Ճշտող հարցին՝ այսինքն, դա որեւէ դեր չի՞ խաղա նրանց հետագա պաշտոնավարման հարցում, Արա Խուդավեևդյանը պատասխանեց. «Միգուցե խաղա, եթե գա ծպտյալ ղեկավարելու պրոցեսը Սերժ Սարգսյանի կողմից, այդ մարդիկ, թե ինչպիսի հարաբերություններում են եղել Սերժ Սարգսյանի հետ, ինչքան են ձեռքից վերցրել եւ տվել, ոնց կարա դեր չխաղա, եթե կոմպրոմատները Սերժ Սարգսյանի գրպանում դրված են»։
Դիտարկմանը՝ կարելի՞ է ենթադրել, որ Սասուն Միքայելյանը եւս եղել է Սերժ Սարգսյանի կողքին, Կոռնիձորի Արոն պարզաբանեց. «Սասուն Միքայելյանը Երկրապահով ունեցել է անցյալ, մասնակցել է բոլոր քաղաքական զարգացումներին, հալածվել է նույն իշխանությունների կողմից, այսօր ՔՊ ղեկավարն է, ինձ չի թվում, հաշվի առնելով Սասուն Միքայելյանի շրջապատը, որ թույլ կտան Սասուն Միքայելյանը ենթարկվի այս կամ այն հակահեղափոխական ուժերին, որոնք ներկայացնում են նախկին իշխանությունները»։
ԵԿՄ–ն ոչ թե նախագահի, այլ խորհրդի կողմից ղեկավարվելու կողմանակիցների հետ Արա Խուդավերդյանը համաձայն չէ. նրա համոզմամբ՝ դա կբերի բռնատիրության. «Ես կոլեգիալ ղեկավարման մարմնին վերաբերվում եմ ոչ նորմալ, չասեմ վատ կամ շատ վատ, քանի որ կոլեգիալ կառավարումը ժամանակի մեջ բերում է բռնատիրական կեցվածքի։ Եթե 7–ն են, ընթացքում մնում են 5–ը, 4–ը, 3–ը, 2–ը եւ ծնվածների վերջինը դառնում է այդ կառույցի հիմանկան «ասողը»։ Եթե մտածենք, որ կոլեգիալ մարմինը կգոյատեւի, ինչպես իրենք են պատկերացնում, ես չեմ ուզում դա լուրջ ընդունել, որովհետեւ Հայաստանի պայմաններում դա չգործող իրավիճակ է, դրանից բխում է տոտալիզմը, որը եղել է Երկրապահի շարքերում՝ Երկրապահի վարչության վերջին նախագահի կողմից, որը դրել էր տոտալ ռեժիմը»։
Կլինե՞ն հոսանքներ, որոնք չեն հրավիրվի համագումարին՝ հարցին, ԵԿՄ հիմնադիր անդամը պատասխանեց, որ Մելիք–Ադամյան փողոցի վրա գտնվող դահլիճում բոլորը չեն տեղավորվի, իսկ թե ինչ սկզբունքով են ընտրելու՝ ում հրավիրեն, պարզ չէ։











