Չեմ կարծում, մարզպետները պետական մարդիկ են, պետական մարդը կուսակցական շահերը միշտ պետք է ստորադասի պետական շահերին, ո՞նց կարող է մարզպետը իրեն թույլ տալ՝ ասել ես այս կուսակցությունից եմ՝ սաբոտաժ անեմ պետության դեմ, դա անիմաստ, խայտառակ բան է։ Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով մամուլի ահազանգը, որ ԲՀԿ–ական մարզպետներին, հավանաբար, աշխատանքից կազատեն, քանի որ նրանք միտումնավոր անգործության են մատնված, որպեսզի ժողովուրդը հիասթափվի գործող իշխանություններից։

Անդրադառնալով Աջափնյակի ԲՀԿ գրասենյակում խուզարկությանը եւ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գրիգոր Գրիգորյանի ձերբակալությանը, Մելքումյանն ասաց. «Ես ինքս ներկա եմ եղել Աջափնյակի շտաբում դրա  նախորդ օրը երեկոյան, այն, ինչ տարածեց իրավապահ կառույցը, չի համապատասխանում իրականությանը, թե ինքը Ոստիկանության նկատմամբ ուժ է կիրառել կամ կոչ է արել, որ ամբոխը մտնի շտաբ, այդպիսի բան չի եղել»։

ԲՀԿ պատգամավորի համոզմամբ՝ այդ ձերբակալությունը ԲՀԿ նախընտրական շտաբի աշխատանքը կազմալուծելու նպատակ ուներ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ  Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբայր Գրիգոր Գրիգորյանը ձերբակալվել էր ոստիկաններին դիմադրություն ցույց տալու կասկածանքով: Նրան ձերբակալել էին ԲՀԿ Աջափնյակի գրասենյակի խուզարկության և ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգի գործով: «Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ պաշտպանական կողմը վիճարկել էր նրա ձերբակալությունը, սակայն դատարանը քննիչի որոշումն իրավաչափ էր համարել։