Մեր նպատակը ոչ թե այն է, որ հետհեղափոխական էյֆորիայի վրա ստանանք նոր քաղաքական մենաշնորհ, որը պետությանը լավ տեղ չի հասցնի, մեր նպատակն այն է, որ հակառակը՝ ստանաք բոլոր քաղաքական ուժերի համար հասկանալի խաղի կանոններ եւ քաղաքական ուժերի կոնսենսուս։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28–ին, NEWS.am–ին ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսվածից շուտ անցկացնելու մասին։

«Եթե քաղաքական ուժերի 90 տոկոսը չի համաձայնում, չի նշանակում, որ գործադիր իշխանության ղեկավարությունը պետք է ճնշի, ստիպի, որ գնան»,–ասաց Մելքումյանը։

Անդրադառնալով իրենց համար ընդունելի ժամկետին, ԲՀԿ պատգամավորը առնվազն 7 ամիս միայն ադապտացիոն շրջան նշեց. «Նախ՝ ամռանը աշխատել ենք չէ՞ Ընտրական օրենսգրքի վրա, հոկտեմբերն է գալիս, հլա չկա դա։ Չէ՞ որ Ընտրական օրենսգիրքը պարտադիր չէ, որ ոնց բերել են՝ ընդունեն, դա պետք է քննարկվի դեռ հանձնաժողովներում, հետո նիստ եւ այլն։ Հետո, Ընտրական օրենսգիրքն ընդունելուց հետո պարտադիր չէ, որ միանգամից արտահերթ ընտրություններ անես, չէ՞ որ քաղաքական ուժերը, ծանոթանալով նոր պայմաններին, պետք է պատրաստվեն։ Դրա համար պետք է մի 6–7 ամիս՝ մինիմում, որպեսզի ծանոթանան, տեսնեն՝ նորը իրենց ի՞նչ է պարտադրում, որ ռեսուրսներ ներգրավեն»։

Դիտարկմանը, որ կառավարության ծրագրի նախատեսած մեկ տարի ժամկետը չի բացառում արտահերթ ընտրությունները, ասենք, մեկ ամսից, ԲՀԿ պատգամավորը հակադարձեց. «Տենց էր՝ տենց,   կգրեինք մինչեւ 3 ամիս կամ մինչեւ 6 ամիս, ինչո՞ւ է գրվել մինչեւ 1 տարի. հաշվի առնելով, որ մինչեւ այդ պետք է ընդունվի ընտրական նոր օրենսգիրք, այսինքն խաղի նոր կանոններ, այդ խաղի կանոնների ընդունումը նենց չի, որ ռազ, դվա է»։ 

Անդրադառնալով մամուլի ահազանգին, որ ԲՀԿ–ն միացել է ՀՀԿ–ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները շուտ չանցկացնելու մտադրության մեջ, Միքայել Մելքումյանն ասաց. «Նախ՝ թե ով է ում միացել, դրա մասին չեմ համարում տեղին այդ հարցադրումը, որեւէ մեկը որեւէ մեկին չի միացել։ Հետեւյալն է խնդիրը, որ մենք պետք ստեղծված իրավիճակում, երբ որ հնչեցվել է պետության առաջին դեմքի կողմից, որ պետք է անմիջապես կատարել արտահերթ խորհրդարանական ընտրություն եւ դա կապել ավագանու ընտրությունների հետ, դա չի արտահայտում ամբողջովին այն պետական մոտեցումը, որ պետք է արտահայտի»։

Մելքումյանի համոզմամբ՝ այս հարցում բոլոր կուսակցությունները պետք է մի կողմ դնեն կուսակցական շահը եւ ունենան պետական մոտեցում։