Երեւանի Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի մանկարվարժներից մի քանիսը այսօր՝ հոկտեմբերի 1-ին դասադուլ են հայտարարել՝ պահանջելով դպրոցի տնօրենի՝ Էլեոնորա Թումանյանի հրաժարականը: Նրանք պնդում են՝ դպրոցում անառողջ մթնոլորտ է։
«Գործադուլի որոշումն ընդունվել է վարչական տեռորի եւ վարչական ռեսուրսի չարաշահման պատճառով»,–նշեց գործադուլի մասնակից ուսուցիչներից մեկը։
Դպրոցում սովորող աշակերտների ծնողների ու ուսուցիչների մի մասն էլ հանդես է գալիս ի պաշտպանություն տնօրենի՝ նշելով, որ դասադուլ հայտարարած ուսուցիչները փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ։ Ավելին՝ տնօրենի պաշտպանությամբ հանդես եկող ուսուցիչներից կենսաբանության ուսուցչուհի Թորոսյան Անահիտը այս իրավիճակի մեղավոր են համարում ուսումնական գծով փոխտնօրենին՝ տիկին Բաղրամյանին։ «Փողոցային ամենավերջին բառերով վիրավորում է ե՛ւ ուսուցիչներին, ե՛ւ երեխաներին, ձեռք է բարձրացնում երեխաների վրա։ Ծնողները երեք դիմում-բողոք են ներկայացրել նրա դեմ։ Նա է կազմակերպել գործադուլը »,–նշեց ծնողներից մեկը։
Փոխտնօրեն Շողիկ Բաղրամյանն էլ նշեց, որ աշակերտների ծնողները ծրարներով փողեր են փոխանցում դպրոցի տնօրենին այն բանի համար, որ աշակերտներն ուսումնական տարին հաջողությամբ ավարտեն՝ չնայած հանգամանքին, որ բազում բացականեր ունեն։ Փոխտնօրենը շեշտեց նաեւ, որ այն աշխատողները, որոնք հանդգնում են տնօրենի դեմ ցուցմունք տալ, ազատվում են աշխատանքից։
Դպրոց է եկել կրթության եւ գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանը։ Նա նշեց, որ պետք է մանրամասն ուսումնասիրել տեսչական մարմնից եկած տեղեկանքները եւ որոշումներ կայացնեն բոլոր գործող անձանց՝ այդ թվում՝ տնօրենի վերաբերյալ։
Ավելի վաղ Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը հայտնել էր, որ թիվ 42 ավագ դպրոցի մի խումբ մանկավարժներ հոկտեմբերի 1-ին դասադուլ են հայտարարել՝ պահանջելով տնօրենի հրաժարականը: Նա մասնավորապես նշել էր.
«Երեւանի Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի մանկավարժներից Շ. Բաղրամյանը, Ռ.Հովսեփյանն ու Ա. Սարդարյանը, ինչպես նաեւ դպրոցի 23 մանկավարժներից 9-ն այս պահին տեղեկացրին, որ դասադուլ են հայտարարել տնօրենի հրաժարականի պահանջով, ում նկատմամբ առկա է հարուցված քրեական գործ, ու նա շարունակում է պաշտոնավարել եւ, բնականաբար, խոչընդոտում է քրեական գործի արդարացի քննությանը»,- գրել է նա:
Բախշյանը տեղեկացրել է, որ դպրոցի արհկոմի նախագահը սեպտեմբերի 29-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ու ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ արհկոմի 9 անդամներ ուրբաթ օրը նրան ներկայացրել են դասադուլ սկսելու վերաբերյալ դիմում:
«Այս փաստը վերջնականապես լցրել է մանկավարժների համբերության բաժակն, ու նրանք սկսել են դասադուլը: Խնդրում եմ ականջալուր լինել մանկավարժների արդարացի պահանջներին»,- ասված է գրառման մեջ:











