Իրականում ես մի կողմից ֆրանկոֆոն եմ եւ շատ կապված եմ Ֆրանսիայի հետ. չի բացառվում, որ Շառլի ազդեցությունը կա այդ հարցում: Այս մասին, Երևանի Կասկադում գտնվող Շառլ Ազնավուրի կեցավայրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նրա խոսքով, ինքը Շառլ Ազնավուրի հետ ծանոթ է դեռ երկրաշարժից հետո. «Իհարկե, սկզբում ունեի հնարավորություն մոտիկից տեսնել, երկու բառ փոխանակել, որովհետեւ այն ժամանակ որպես բժիշկ շատ աշխատում էի, տարբեր այցելությունների ժամանակ փորձում էինք, որ ինքը մեզ համար հասանելի լինի:
Երբ 1991 թվականին նշանակվեցի Առողջապահության նախարար, այդ ժամանակ ավելի մեծ հնարավորություն կար, որովհետեւ երկիրը դժվարություններ էր կրում, շրջափակման մեջ էր, պատերազմ էր, շատ կարիքներ կային: Այդ ժամանակ ավելի գործնական էին մեր հանդիպումները: Ազնավուրը Հայաստանում շարունակական գործունեություն էր ծավալում: Իսկ պաշտոնից դուրս գալուց հետո էլ ավելի մտերմացանք, որովհետեւ դրանք այլեւս չէին կրում պաշտոնական բնույթ, այլ բարեկամական բնույթ էին կրում»,-ասաց Բաբլոյանը:
Նա ընդգծեց, որ հպարտ է, որ ունեցել է հնարավորություն Ազնավուրի հետ մոտիկից շփվելու, բարեկամություն, ընկերություն անելու. «Միասին տարբեր ծրագրեր ենք իրականացրել երեխաների համար: Երեւեի շուտով կկարողանամ հիշատակին նվիրված լուսանկարներով հաղորդագրություն տալ:
Մենք կորցրեցինք մի մեծ անձնավորություն, մյուս կողմից աշխարհն ունեցավ հնարավորություն մեկ դար վայելել այդ անձնավորությանը: Դրանով ամեն բան չի ավարտվում, մենք բոլորս վստահ ենք, որ Շառլը կմնա բոլորի սրտում, մտքում: Կանցնեն տարիներ, բայց երկիրն ու արվեստը կմնան բարձր գնահատված»,-իր խոսքն ամփոփեց ԱԺ նախագահը:











