Այսօր երկրում ատելության մթնոլորտն անընդհատ հրահրվում է, դրա վրա կառուցվում է ինչ–որ բան, դա փորձ է արվում անընդհատ քարոզել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ–ական փոխնախագահը Արփինե Հովհաննիսյանը։

«Երբ ես ու իմ գործընկերները խոսում ենք ատելության խոսքի մասին, մեզ հակադարձում են, որ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ է, բայց երբ նյութերի տակ մի քանի հարյուր հայհոյանքների տարափ է, դժվար է հավատալ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտին»,–նշեց նա։  Արփինե Հովհաննիսյանը չի ժխտում, որ ՀՀԿ–ն սխալներ է թույլ տվել, որոնք հարուցել են ժողովրդի դժգոհությունը. «Ես գիտեմ, որ ժողովուրդը շատ դժգոհություններ կարող է ունենալ, ոչ միայն կարող է, այլ նաեւ ունի։ Ես չեմ կարող ազնիվ չլինել եւ չասել, որ եղել են սխալներ ՀՀԿ–ի կողմից, որոնք ստեղծել են իրավիճակներ, որտեղ կարող է մարդկանց քաղաքացիների մոտ դժգոհություն լինել, բայց չեմ կարող լինել երեսպաշտ ու չասել մեդալի հակառակ կողմի մասին, որ ատելության մթնոլորտն անընդհատ հրահրվում է, դրա վրա կառուցվում է ինչ–որ բան, դա անընդհանտ փորձվում է քարոզել, դա ճիշտ չէ»։

ԱԺ փոխնախագահը համոզված է՝ չկա սեւ ու սպիտակ. «Սեւ ու սպիտակը համադրության մեջ է գեղեցիկ։ Սեւն ու սպիտակը չի կարելի հակադրել իրար։ Չկա սեւ ու սպիտակ, բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, ոչ մեկս արտագաղթել չենք պատրաստվում, իսկ ատելության միջավայրը թույլ չի տալիս իրար լսել»։