25-ամյա տղամարդը, որը Փարիզի փողոցներից մեկում ուսանողուհուն ապտակել է, կես տարով ազատազրկվել է: Մարի Լագերի խոսքով նա վազել է իր հետեւից եւ հարվածել այն բանից հետո, երբ նա ասել է, որ հանգիստ թողնի իրեն, գրում է BBC-ն:

Մարին այս դեպքի մասին պատմել է Facebook-ի իր էջում՝ տեղադրելով նաեւ փողոցի տեսախցիկի կադրերը: Պատմությունն այնքան մեծ ուշադրության է արժանացել, որ այդ թեմայով միջազգային քննարկում է առաջացրել:

Արդյունքում Փարիզի դատարանը տղամարդուն, որին ֆրանսիական օրենսդրության համապատասխան անվանում են միայն Ֆիրազ Մ., դատապարտել է 2 հազար եվրոյի, արգելել է հետագայում մոտենալ Մարիին, ինչպես նաեւ 6 ամսվա ազատազրկում է սահմանել:

Ֆիրազը նաեւ պետք է հոգեբանական հետազոտություն անցնի եւ գենդերային բռնության մասին դասընթաց: