Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն այնքան խուճուճ եւ խճճված է, որ ես մեկ օրում չեմ հասցրել ամբողջությամբ ծանոթանալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ–ական պատգամավոր Արմեն Աշոտյանը։
Պատգամավորի կարծիքով, նախագիծը պետք է մշակվեր եւ ներկայացվեր համալիր կազմով, ունենար Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքը. «Ինձ համար զարմանալի է, որ Կառավարությունը մատը մատին չի տալիս տեխնիկական միջոցների ձեռքբերման, համալրման համար, որովհետեւ մեզ ժամանակին հենց դրա մեջ էին մեղադրում։ Ինչո՞ւ ցուցակները մաքրված չեն առ այսօր, ինչո՞ւ տեխնիկական միջոցներ ձեռք չեն բերվել։ Այսօր պատգամավորներին տրվել է նախագիծ, մինչդեռ դրա մշակման վրա հենց պետք է պատգամավորներ աշխատեին»։
Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ գործող Ընտրական օրենսգիրքը մշակվել եւ կազմվել է 4+4+4 ձեւաչափով, մինչդեռ նոր Կառավարությունը պարզապես վերցրել է խորհրդարանական հանձնաժողովի տեղեկանքն ու առանձին մշակել նախագիծ։
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի նախագիծն օրերս դրվել է քննարկման։











