Ես ինֆորմացիա չունեմ, կասեցված է իմ պաշտոնավարումը: Այս մասին, այսօր՝ Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշել է «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը:

Նա ընդգծեց, որ գործով Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ առերեսում չի եղել. «Ինձ հարցաքննել են, ես ցուցմունք եմ տվել: Գործն ընթացքի մեջ է, կպարզաբանվի եւ ինֆորմացիա կտան»,-ասաց նա հավաստիացնելով, որ ինքը որեւէ մեկի դեմ ցուցմունք տալու բան չի ունեցել:

Աշոտ Ղազարյանն իրեն մեղավոր չի ճանաչում. «Ես կատարել եմ հոգաբարձուների խորհրդի որոշումները»,-ասաց նա:

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ եթե քաղաքապետարանում աուդիտ կարող է իրականացվել եւ բացահայտումներ կարող են լինել, նա պատասխանեց. «Ես ի՞նչ իմանամ, ես դրա հետ կապ չունեմ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ «Հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ ԱԱԾ-ում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից եւ Ա.Խ.-ից այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել եւ հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ») եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով»:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ «Երեւան» հիմնադրամի մասով ունեն 1 միլիարդ 807 միլիոն դրամի վատնում։  Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: ԱԱԾ աշխատակիցները Երեւանի քաղաքապետարանի շենքից դուրս են բերել փաստաթղթերով լի մի քանի սեւ տոպրակ, որոնք տեղափոխել են բեռնատար մեքենայով:

Դրանից հետո հայտնի դարձավ, որ ձերբակալվել են «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը: