Երեւանի Աջափնյակի թիվ 155 դպրոցում ռումբի առկայության վերաբերյալ կեղծ ահազանգ կատարողը դպրոցի նախկին աշակերտն է եղել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց թիվ 155 դպրոցի տնօրեն Նաիրա Մանվելյանը՝ նշելով, որ կատարվածում որևէ միտում չի տեսնում։
Դպրոցի տնօրենը նշեց, որ ահազանգից հետո շատ արագ կազմակերպել են աշակերտների և ծնողների տարհանումը։
«7–րդ դասաժամի զանգը դեռ չէր հնչել, որ տեղեկացանք ահազանգի մասին։ Այդ ժամանակ քաղաքապետարանի ճանապարհին էի, իմ տեղակալն է տեղյակ պահել, ես էլ անմիջապես հանրակրթության վարչությանն եմ տեղեկացրել ու վերադարձել դպրոց։ Մեկ–երկու րոպեի ընթացում «բեռնաթափել» ենք դպրոցը, այնուհետև համապատասխան ստուգումներ են իրականացվել և պարզել, որ դպրոցում ռումբ տեղադրված չէ»,– պատմեց տնօրենը։
Մանվելյանը նշեց, որ ոստիկանական բաժնում հարցաքննվել է դպրոցի նախկին աշակերտը և հայտնել, որ այդ կերպ ցանկացել է կատակել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին ժամը 14:20-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ համայնքի Բաշինջաղյան փողոցի 155 դպրոցում ռումբ կա տեղադրված: Ահազանգից հետո դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները տարհանվել են։
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը, կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել: Կատարվում է հետաքննություն:











