Ես ուշադիր կլինեմ եւ բոլորը պետք է ուշադիր լինեն, որ ՀՀ օրենքը հարգվի, եւ հետեւելու եմ մեր հայրենակիցների ճակատագրին Սիրիայում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Սիրիա հայկական առաքելություն ուղարկելու մասին հարցը:

«Անկախ նրանից, թե գործուղվող մարդիկ ինչ մասնագիտություն ունեն` բժիշկ են, սակրավոր, թե վարորդ, անգամ ամենամարդասիրական մասնագիտությունների դեպքում, եթե նրանք ԶՈւ ծառայողներ են, եթե այդ մարդիկ ուսադիրների տակ են, ապա ենթարկվում են «Զինված ուժերի մասին» ՀՀ օրենքին, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերի ծառայողները կարող են ծառայել Հայաստանից դուրս բացառապես միջազգային պայմանագրերի հիման վրա: Սա շատ կարեւոր նրբություն է»,-նշեց նա:

Աշոտյանը կարծիք հայտնեց, որ կառավարությունը այդ հարցով խոստումներ է տվել, որոնք ցանկանում է ամեն գնով ի կատար ածել. «Ես հասկանում եմ` կառավարության ղեկավարը կամ այլ մարդիկ գուցե տարբեր տեղեր տարբեր խոստումներ են տվել, պետք է ամեն ինչ անեն, որ դրանք կյանքի կոչեն, բայց խոստումներ տալը քաղաքական որոշում ու պատասխանատվություն է, խոստումներ իրականացնելը բացառապես իրավական գործընթաց»,-եզրափակեց նա: