Ազգային ժողովի այն պատգամավորի վերաբերյալ, որի մասին հայտարարել էի, որ առաջիկայում կալանավորվելու է, պաշտոնական փաստաթղթի պատասխանի կեսն է եկել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Պատասխանը եկավ, բայց մի կեսը եկավ, մյուսը չի հասել դեռ, ցավոք այս պրոցեսները միշտ չէ, որ մեզնից է կախված։ Սպասում ենք»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որը 100 տոկոսով ապացուցված է եւ արդեն երկու ամիս, մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում. «Որ օրը մտավ էդ թուղթը, այդ օրը նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ՝ կաշառքի գործով: Երեք ամիս է՝ այդ թուղթը չի գալիս, որը կապված է մի քիչ էլ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ: Մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ այդ երկրի հետ կապեր կան, անընդհատ ձգում են: Բայց այդ պատգամավորը կալանավորվելու է եւ դա լինելու է Երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը»։

Անդրադառնալով ընդհանուր առմամբ, հակակոռուպցիոն պայքարին՝ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց, որ հարկային մասով այս պահի դրությամբ բյուջե է վերականգնվել 10.5 մլրդ դրամ, եւս 64 մլրդ դրամի վերաբերյալ քրեական գործեր կան: