Տվյալ կենդանին 10 եւ ավելի տարիներ կրել է խրոնիկ հիվանդություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30–ին ասաց Կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժ Հարություն Հովհաննսիյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ինչ հիվանդություն՝ չասաց, բայց նկատեց, որ դիահերձմանը իրենից բացի մասնակցել են նաեւ Ագրարային համալսարանի լաբորատորիայից, Անասնաբուժական տեսչությունից մասնագետներ եւ համաձայն են եղել իր հետ. կենդանին սատկել է խրոնիկ հիվանդությունից։
Կոկորդիլոսը 20 տարի առաջ հայտնվել էր Կենդանաբանական այգում առանց տարիքի, առողջության մասին որեւէ փաստաթղթի։ Կոկորդիլոսների կյանքի միջին տեւողությունը 40 տարի է։
Ասուլիսին մասնակցող՝ Նիդեռլանդների թագավորական կենդանաբանական այգու ներկայացուցիչը՝ Յանոշ Շակոնը, ասաց, որ կոկորդիլոսներն ընդհանրապես բավական ամրակազմ եւ ուժեղ կենդանիներ են եւ այդ հիվանդության կլինիկական ախտանիշները տեսանելի չեն. կենդանին վարքագծով չի կարողանում ցույց տալ։
Բացի այդ, կոկորդիլոսի ընդհանուր ստուգումը բարդ պրոցեդուրա է, քանի որ նախ՝ հեշտ չէ բռնելը, քնեցենլու եւ ստուգելու դեպքում անկման ռիսկ կա։
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ասաց՝ վատ կառավարված կոլեկցիա են ժառանգել՝ կենդանիների սեռատարիքային կազմ հաշվարկված չի եղել. «Ցանկացած կենդանու, որին ուզեցել են նվեր տալ կամ փրկել, բերել են այստեղ եւ ոչ մեկը չի կարող ասել՝ ինչ հիվանդություններ են բերել իրենց հետ»։
Կարանտինային կենտրոնը այգում վերջերս է բացվել. այնտեղ կենդանուն ստուգում են նախքան հավաքածու մտցնելը։ Մշտական աշխատող կենդանաբուժներ միայն վերջին 5 տարին ունեն։
Տնօրենը վստահեցնում է, որ կենդանիների անկումներ միշտ էլ եղել են, հանրության խուճապը արհեստածին է, իր դեմ բողոքի ակցիայի հետեւանք. «Նպատակը պարզ է, որ կենդանաբանական այգին, որը 7 տարում հասել է մի նիշի, որ պետք է Եվրոպական կենդանաբանական այգիների ասոցիացիայի անդամ դառնա, ուզում են գնա հետ»։
Ռուբեն Խաչատրյանն ասաց՝ անկախ կենդանու առողջական վիճակից, ուղղորդված սպանություն եղել է միայն զեբրերի դեպքում։ Դա բացառելու համար տեսախցիկներ են տեղադրել այգու ճանապարհներին։
Խնդիրը, պարզվում է, ոչ միայն ծեր, այլեւ գենետկորեն ոչ առողջ կենդանիներ ժառանգելն է. ներազգակցական կապի արդյունքում նրանց կենսունակությունը իջել է, կենդանիները խոցելի են դարձել հիվանդությունների համար եւ անկումներն ավելացել են։











