Ավարտվեցին Հայաստանի պատմության առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Անակնկալներ, ըստ էության, չգրանցվեցին։  Փաշինյանը ստացավ ընտրողների 70 տոկոսից ավելի ձայները։Երկրորդ տեղում 8տոկոսով«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է։ Խորհրդարանում երրորդ ուժը լինելու է «Լուսավոր Հայաստանը»՝ 6 տոկոսով։

Փաստորեն, ունենալու ենք բացառապես հեղափոխական ուժերիցկազմված խորհրդարան, իրենց հեղափոխության աջակից հռչակած ԲՀԿ–նև Լուսավորը, ուզեն–չուզեն, Ազգային ժողովում դիրքավորվելու են որպես ընդդիմություն. Սահմանադրությունն է այդպես պահանջում։ 

Հանրապետականն ու ՀՅԴ–ն հրաժեշտ տվեցին պատգամավորական մանդատներին։ Սա, իհարկե, անակնկալ չէր, բայց անակնկալ էր Հանրապետականի ստացած քվեն ու չորրորդ հորիզոնականը։ Առնվազն «Իմ քայլի» համար, որը նախընտրական ամբողջ շրջանում վստահեցնում էր, որ Հանրապետականը ձայն չունի, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ զրո ձայն եք ստանալու, նույնիսկ ձեր ընտանիքի անդամները ձեզ չեն ընտրելու։ Արդյունքում Հանրապետականը հավաքեց 4,7 տոկոս կամ 59 հազար ձայն։Ուշագրավ է, որ եթե ժամանակին ՀՀԿ–ն կողմքվեարկեր Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որով կուսակցությունների անցողիկ շեմը 4 տոկոս էր, ապա այսօր արդեն խորհրդարանում կլիներ։

Ազգային ժողովի հնաբանակ ՀՅԴ–ն, որը հպարտանում էր իր կայուն ընտրազանգվածով, նույնպես չհաղթահարեց 5 տոկոսի անցողիկ շեմը և դուրս մնաց պայքարից։ Դաշնակցականների օգտին քվեարկեց ընտրությանը մասնակցած քաղաքացիների 3,89 տոկոսը։

«Սասնա ծռերը», որնիր արմատական գաղափարախոսությամբ համարվում էր ՀՅԴ–ից գլխավոր ձայներ տանողը, ստացավ ընդամենը 1,80 տոկոս քվե։

Կեսգիշերն անց, երբ արդեն պարզ էր, որ «Իմ քայլը» հաղթել է ընտրություններում, դաշինքի նախընտրական շտաբ ժամանեց Նիկոլ Փաշինյանը։ Թիմակիցները նրան դիմավորեցին ծափերով։

Փաշինյանն անդրադարձավ մասնակցության ցածր ցուցանիշին։ Ինչո՞ւ ընդամենը 48 տոկոս։ 

Փաշինյանը շտաբում երկար չմնաց։ Քվեարկության արդյունքների ամփոփմանը հետևեց կնոջ հետ՝ տանը, սուրճի բաժակի շուրջ։ 

Ընտրություններին հետևող տեղական և միջազգային դիտորդական խմբերը որևէ լուրջ խախտում ընտրական գործընթացում չեն նկատել։ Եվրոպական դիտորդական առաքելությունները նույնպես ընդհանուր առմամբ դրական գնահատեցին ընտրությունների ընթացքը, մտահոգիչ համարեցին միայն քարոզարշավի ընթացքում համացանցում հնչող բորբոքիչ հռետորաբանությունը։

Արդեն այսօր ընտրություններին իրենց գնահատականը տվեցին պատգամավորական մանդատներին հավակնող հիմնական ուժերը։

Ընտրությունները ժողովրդավարական էին ձևով, բայց ոչ բովանդակությամբ՝ հայտարարեց ՀՀԿ–ն։ Դրանք անցան այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների և նրանց աջակիցների նկատմամբ բիրտ ճնշումների և այլատյացության քարոզի պայմաններում, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ: 

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Շարմազանովը հայտարարեց՝ սա ոչ թե պարտություն էր այլ հաղթանակ։ Իրենք պայքարի նոր փուլ են սկսում։

Դաշնակցությունը վերլուծեց իր պարտության պատճառները՝ ընտրողն իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին, նաև մտահոգություն հնչեցրեց՝ ընտրողների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին եւ ներքին վտանգներինհանդեպ։

Սասնա ծռերն ընդհանուր առմամբ ազատ ու թափանցիկ բնութագրեց քվեարկությունը, սակայն ընդգծեց՝ Ընտրական օրենսգիրքը չփոխելու հետևանքով ընտրություններին մասնակցող ուժերի միջև առաջացավ անհավասար մրցակցություն։ Այդ պատճառով ստիպված ենք փաստել, որ ընտրությունները չեն կարող անվերապահ կերպով համարվել արդար:

«Մենք» դաշինքը հաստատեց՝ ընտրություններն անցել են առանց էական խախտումների, բայց պայքարը բովանդակային չէր, ինչի արդյունքում ունեցանք միաբևեռ Ազգային ժողով։

Երբ կգումարվի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, դեռ հայտնի չէ։ Նախօրեին «Իմ քայլը» դաշինքում ամսաթիվ էին նշում՝ դեկտեմբերի 24, սակայն այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանըհայտարարեց՝  օրը հայտնի կլինի միայն ընտրության վերջնական արդյունքները հրապարակելուց հետո։ Մինչև այդ Տարածքային ընտրական հանձնաժողովները պետք է կայացնեն իրենց վերջնական որոշումները։ Հնարավոր են նաև վերահաշվարկի դիմումներ.ընտրություններըորեւէ մեկի մոտ կասկած պետք է չհարուցեն։