Այս օրը սկսվեց ու ընթացավ աղմկոտ դատերով։ Երեւանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանը շարունակեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործի քննությունը։ «Սասնա ծռերից» ովքեր սպանության համար չեն մեղադրվում, կարող են համաներվել՝ մի պայմանով, եթե չառարկեն տուժողներն ու նրանց իրավահաջորդները ։ Սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի այրին, սակայն, դեմ է ներմանը: Այլ կարծիքի է Յուրի Տեփանոսյանի հայրը․ նա որդու սպանության համար մեղադրում է նախկին իշխանություններին ։ «Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանը ցավալի համարեց, որ հեղափոխությունից հետո էլ, ըստ նրա, սարքովի գործը շարունակվում է նույն ոճով, նույն դատախազով ու դատավորով։
Դատարանը մերժեց նաեւ մեկ այլ գեներալի՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատելու միջնորդությունը ։ Ղազարյանը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ իր մոտ հայտնաբերված գումարի զգալի մասը պատկանում է Հայաստանից դուրս բնակվող հայտնի գործարար եւ բարերար իր մտերիմ ընկերոջը, որի տվյալները առայժմ նպատակահարմար չի համարում հրապարակել։ Նա նշել է, որ անկախ իր դեմ հարուցված գործից, ինքը եւ իր ընկերը քրեական վարույթն իրականացնող մարմնի համաձայնության դեպքում պատրաստակամ են այդ ամբողջ գումարը՝ մոտ 6 միլիոն դոլար, փոխանցել պետությանը՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար։
Արմեն Գեւորգյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել՝ խոշոր կաշառք, փողերի լվացում, սահմանադրական կարգի տապալման օժանդակում։ Նախկին փոխվարչապետը չի ընդունում այս մեղադրանքները։ Քրեական վարույթն իրականացնող մարմինը այսօր նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Շենգավիթի դատարանում շարունակվեց Սերժ Սարգսյանի եղբորորդու դատը ։ Հայկ Սարգսյանի պաշտպանը մեղադրանքը վերացական համարեց, ըստ նրա՝ եզրակացության մեջ հասկանալի չէ, թե մարմնի կոնկրետ ո՞ր մասին է կրակել իր պաշտպանյալը։ Նախկին նախագահի եղբորոդին դատարանից հետաքրքրվեց, թե ըստ մեղադրանքի՝ որովայնը մարմնի ո՞ր մասն է։ Դատավորը բացատրեց ։
Դոլարը, եվրոն ու բրիտանական ֆունտը էժանացել են․ դոլարի փոխարժեքը կազմել է 485 դրամ, եվրոյինը՝ 549, ֆունտինը՝ 608, ռուսական ռուբլին 7 ու 31 դրամ է:
Հայաստանում դեկտեմբերի 13-ին սպասվում են տեղումներ, մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով: Երեւանում սպասվում է անձրև և մառախուղ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +6+8 աստիճան ջերմություն։











