Ապրիլյան քառօրյա պատերազմի շուրջ կան շատ հարցեր, որոնք անհանգստացնում են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ապրիլյան պատերազմի վերաբերյալ նաեւ այս վերջին քննարկումները ցույց տվեցին, որ շատ հարցեր կան, որոնք ինձ էլ են շատ հետաքրքրել ու հուղել, եւ այսօր էլ ես դրանցով զբաղվում եմ: Դա շատ կարեւոր է նաեւ հետագայի համար, բայց ինչ  ասել եմ՝ դա իրողություն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Հայաստանի  ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին իր խորհրդական նշանակելու որոշման շուրջ քննարկումներին ու քննադատություններին: Արշակ Կարապետյանը Հայաստանի  ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:

Փաշինյանը, անդրադառնալով խոսակցություններին, թե Արշակ Կարապետյանն է ապրիլյան պատերազմի պատասխանատուն, ընդգծել էր՝ նրանք, ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն է ապրիլյան պատերազմի պատասխանատուն, նրանք, ըստ էության,  ասում են, որ նրանից վերեւ ոչ մեկ պատասխանատու չէ:  Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին այդ իրադարձությունների արդյունքում գործից հանել է Սերժ Սարգսյանը, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանը փաստորեն արդար դատավոր է, եւ  այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել: Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ  հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր եւ այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»,- ասել էր Փաշինյանը:

Ապրիլյան պատերազմի գաղտնի նյութերում խոսք չկա հետախուզական տվյալների պակասի մասին.Փաշինյանը «մաքրեց» Արշակ Կարապետյանին